«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել

Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի գործարանի տարածքում գտնվող մոտ 70 մետր բարձրությամբ երկաթբետոնե աշտարակի վրա և սպառնում է ցած նետվել։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Տեղում պարզվել է, որ ստացված ահազանգը համապատասխանում է իրականությանը։ Տղամարդը գտնվում է աշտարակի ամենաբարձր հատվածում, իսկ ոստիկաններն ու փրկարարները նրա հետ բանակցություններ են վարում՝ փորձելով համոզել նրան հրաժարվել ծայրահեղ քայլից և անվտանգ իջնել։

Ըստ հրապարակման՝ քաղաքացին հայտնում է, որ ինքը Ֆիդել Կաստրոն է, սակայն չի պարզաբանում իր արարքի պատճառը։ Այս պահին իրավապահները պարզում են նրա ինքնությունը։

Դեպքի վայրում հերթապահում է նաև շտապօգնության բրիգադը։

Leave a Comment