Այս երկու համակարգերն ունեն հստակ բնութագրեր, համեմատենք դրանք։
1. Անձնական կյանք
Ավտորիտարիզմ: Գործում է «Մի՛ խառնվիր քաղաքականությանը, և մենք քեզ հանգիստ կթողնենք»։ Ռեժիմը մենաշնորհում է միայն իշխանությունը, բայց չի մտնում մարդու անձնական կյանք, բիզնես, արվեստ և կրոն։ Քաղաքացիների անձնական սահմանները պահպանվում են։
Տոտալիտարիզմ: Հավակնում է տոտալ (բացարձակ) վերահսկողության։ Քիչ է, որ դուք պարզապես չքննադատեք իշխանությանը. դուք պետք է ակտիվորեն աջակցեք նրան։ Անձնական կյանք այլևս չկա. պետությունն է թելադրում, թե ինչ գրքեր կարդալ, ինչ երաժշտություն լսել, ում հետ ընկերություն անել և ինչի մասին մտածել։
– Այսօրվա Հայաստանում ռեժիմը մտնում է անձնական կյանք` ով ում հետ է քնում, ումից երեխաներ ունեք, ով պետք է կաթողիկոս լինի, որ երգիչներն են «նախկին», որոնք` ոչ, քաղաքական հայացքներով պայմանավորված ով պետք ազատվի աշխատանքից, որ գործարարը պետք է բոմժ դառնա։
2. Գաղափարախոսություն
Ավտորիտարիզմ: Հստակ, համապարփակ գաղափարախոսություն սովորաբար չկա։ Այն հաճախ փոխարինվում է ավանդական արժեքներով, կայունության, կարգուկանոնի կամ ուժեղ պետության գաղափարներով։
Տոտալիտարիզմ: Միշտ հենվում է կոշտ, մենաշնորհային գաղափարախոսության վրա, որը «գիտի բոլոր հարցերի պատասխանները» (օրինակէ «Իրական Հայաստան» պսևդոգաղափարախոսություն)։ Այն ուղղված է դեպի ապագան՝ «նոր մարդու» ստեղծմանը։ Այլընտրանքային տեսակետները հավասարեցվում են հանցագործության։
3. Զանգվածների մոբիլիզացիան։
Ավտորիտարիզմ: Նախընտրում է, որ հասարակությունը լինի պասիվ և ապաքաղաքական։ Ցանկացած հանրահավաք և ցույց (նույնիսկ ի պաշտպանություն իշխանության) ռեժիմի մոտ կասկած է առաջացնում, քանի որ խախտում է «կարգուկանոնը»։
Տոտալիտարիզմ: Հասարակությանը մշտապես պահում է արհեստական մոբիլիզացիայի վիճակում։ Մարդկանց քշում են շքեղ շքերթների, հնգամյակների, շաբաթօրյակների և «ժողովրդի թշնամիների» փնտրտուքների։ Զանգվածները պետք է լինեն պետական մեքենայի ակտիվ մասնիկը։
4. Ընդդիմություն և տեռոր
Ավտորիտարիզմ: Իրական ընդդիմությունը ոչնչացվում կամ դուրս է մղվում երկրից, բայց կարող է գոյություն ունենալ դեկորատիվ, «գրպանային» ընդդիմություն։ Բռնաճնշումները կրում են թիրախային բնույթ. պատժում են նրանց, ովքեր բացահայտ դուրս են եկել համակարգի դեմ։
Տոտալիտարիզմ: Ցանկացած ընդդիմություն ամբողջությամբ ոչնչացվում է։ Բռնաճնշումները դառնում են զանգվածային և հաճախ քաոսային՝ ուղղված ամբողջական սոցիալական խմբերի (դասակարգեր, էթնիկ, կամ տարածաշրջանային խմբերի) դեմ, որպեսզի մշտական վախի մեջ պահեն բացարձակապես բոլորին, այդ թվում՝ իրենց հավատարիմ քաղաքացիներին։
Մենք անցում ենք կատարում տոտալիտար համակարգի։ Ճիշտ է, փնթի, անկայուն, պսեւդոգաղափարախոսությամբ, բայց, այնուամենայնիվ, տոտալիտարիզմի»։
