Ընդդիմությունը մտնում է խորհրդարան՝ իշխանության հասցեին նոր սպառնալիքներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմությունը մտնում է խորհրդարան՝ իշխանության հասցեին նոր սպառնալիքներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմությունը հայտարարեց պատգամավորական մանդատները վերցնելու մասին։ 

«Հայաստան» դաշինքը հայտարարում է՝ մանդատն իրենց համար ոչ թե արտոնություն է, այլ քաղաքական և իրավական «զենք», որը ծառայելու է գործող իշխանության դեմ պայքարին։ 

«Ուժեղ Հայաստան»-ում էլ վստահեցնում են՝ ՍԴ որոշումը պայքարի ավարտը չէ, այլ ինստիտուցիոնալ դիմադրության մեկնարկը։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Կարապետյանի և Քոչարյանի քաղաքական ուժերի հայտարարության վերաբերյալ ասում է՝ մանդատը զենք է, բայց այդ զենքը կրակելու է հենց Հայաստանի Հանրապետության վրա.

«Որովհետև էն խնդիրները, որոնք իրենք հետագայում շարադրում են իրենց հայտարարության մեջ, դա նշանակում է պատերազմ, դա նշանակում է Հայաստանի Հանրապետությունում արգելակում որևէ զարգացման, դա նշանակում է այն խնդիրների իրականացում, որը դեռ իշխանափոխության, չգիտեմ, իշխանափոխության իր մոլագարությամբ հեղաշրջում անելու իր մոլագարությամբ դրել է Ռուսաստանի Դաշնությունն ինքն իր առաջ 2018 թ․ից սկսած։ Հեղաշրջմանս էս բոլոր փորձերը ձախողվեցին»։

Ադամյանը վստահեցնում է, եթե այդ զենքը ծառայեցվի ներքին ապակայունացմանը, պետական ինստիտուտների լեգիտիմությունը կասկածի տակ դնելուն և զարգացման գործընթացները արգելակելուն, դրա հետևանքները կրելու է ոչ թե իշխանությունը, այլ պետությունը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ էլ՝ մանդատները վերցնելու որոշումը քաղաքական պրագմատիզմի արդյունք էր, քանի որ ընդդիմությունն ի սկզբանե նման հաշվարկ ուներ.

«Հայտարարությունների հիմքը հենց այն էր, որ իրենք կարողանան հակադրվել իշխանությանը և հակադրվել այն իրականությանը, որը գոյություն ունի, քանի որ իրենք իրենց դիրքավորում են որպես Հայաստանի քաղաքական դաշտում, ըստ էության, բոլոր ուղղությունների հետ անհաշտ քաղաքական ուժեր».

«Չափազանց բարձր գին էին վճարել. Չափազանց ազդու հրահանգ էին ստացել ՌԴ-ից, որպեսզի մանդատ չվերցնեին, ինչի մասինէ  խոսքը։  Մանկապարտեզում չենք էլի, բոլորս, ոչ էլ մութ է, ինչ մանդատ կվերցնենք, չենք վերցնի, կվերցնենք, ինչ կանենք։ Էդ հեքիաթները թող գնան պատմեն նրանց, ովքեր պատրաստ են էդ հեքիաթներին հավատալ։ Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են մարդիկ, ովքեր հավատում են նման ցնդաբանության»։

Մինչ ընդդիմությունը խոսում է խորհրդարանական պայքարի նոր փուլի մասին, նրանց հիշեցնում են նախորդ գումարման Ազգային ժողովի փորձը՝ պնդելով, որ ընդդիմության գործունեությունը ցանկալի արդյունք չի տվել.

«Ես կարծում եմ, էս ընդդիմությունը ինչպես անհեռանկար մտել է խորհրդարան, այնպես էլ անհեռանկար խորհրդարանից դուրս է գալու։Եվ իմ ասածի վառ ապացույցը 21-ի արտահերթով ընտրված ընդդիմության օգտակար գործողության զրո էր գործակիցն է պետության, իշխանության դեմ իրենց պայքարի արդյունավետության տռեսակետից»

Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ խորհրդարանում մանդատ ունենալը ինքնին բավարար չէ իշխանափոխության հասնելու համար.

«Խորհրդարանում մանդատ ունենալով ընդհանրապես հնարավոր չէ այս իշխանություններին հեռացնել, հնարավոր չէ այս իշխանությունը հեռացնել նաև փողոցային պայքարի միջոցով, և ես համոզված եմ, որ թե՛ ուժեղ Հայաստան, թե՛ Հայաստան դաշինքների ղեկավարները, շատ լավ սա հասկանում են, հնարավոր չէ»։

Ղևոնդյանը նաև հիշեցնում է՝ Հայաստանում, ի տարբերություն 2018 թվականի, լեգիտիմության ճգնաժամ չկա, իսկ իշխանություններին հեռացնելու հայտարարությունները գնահատում է որպես պարզագույն պոպուլիստական քայլ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment