Ռազմական գործողությունները մասնակիորեն սկսված են․ իրանագետ

Ռազմական գործողությունները մասնակիորեն սկսված են․ իրանագետ

Թրամփը հայտարարել է, որ իր համար Իրանի հետ հրադադարն ավարտված է․ «Նրանք խաբեբաներ են, նենգ ու դաժան մարդիկ», – ասել է նա։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը։

-Ինչո՞ւ նա հանկարծակի նման հայտարարություն արեց։

-ԱՄՆ նախագահը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ իրանցիները հակասական հայտարարություններ են անում․ նրանք բանակցությունների ընթացքում միջուկային հարցերով համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկների հետ, բայց վերադարձին և լրագրողների մոտ այլ բան են ասում։ Թրամփն ավելացրել է, որ իրանցիների հետ բանակցելը ժամանակի կորուստ է, և նա հրադադարն ավարտված է համարում։ Հարկ է նշել նաև, որ Քաթարի հայտարարության համաձայն՝ իրանցիները հրթիռակոծել են այդ երկրի գազափոխադրող նավը․ իրանցիները դա հերքում են։

-Ի՞նչը կարող է հաջորդել նրա այս հայտարարությանը՝ ռազմական գործողությունների վերսկսո՞ւմ, ի՞նչ ծավալով։

-Քաթարին պատկանող նավի հրթիռակոծումից հետո ԱՄՆ-ն ռմբահարել է Իրանի հարավային շրջաններում գտնվող ռազմական բազաները, իսկ Իրանն էլ հրթիռակոծել է Պարսից ծոցի արաբական երկրներում տեղակայված ամերիկյան բազաները։ Ռազմական գործողությունները մասնակիորեն սկսված են, բայց կարծում եմ՝ միջնորդները՝ Քաթարն ու Պակիստանը, կփորձեն տարածման դեմն առնել։ Չինաստանն էլ զսպվածության կոչ է արել։

-Ըստ ԱՄՆ նախագահի՝ իրանցիները պայմանավորվում են, որ չի լինելու միջուկային զենք, իսկ նրանք գնում են ու ասում, թե այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել։ Արդյո՞ք Իրանն այս կերպ չի հրահրում ավելի մասշտաբային պատերազմ։

-Իրանի վերնախավում կա հակասություն, և նրանք չեն կարողանում վերջնական համաձայնության գալ։ Հենց վերջերս նախագահ Փեզեշքյանը Ղոմ կրոնական քաղաք մեկնեց, որպեսզի խաղաղության համար ազդեցիկ կրոնականների հովանավորությունը խնդրի։ Որոշ քաղաքներում՝ Ղոմում, Ահվազում կամ Մաշհադում, կրոնապետները շարունակում են իրենց հակաամերիկյան թունդ ելույթները։ Կան շրջանակներ, որոնք պատերազմի վերսկսման կողմնակից են, անգամ ֆինանսական շահ ունեն, բայց գործադիրի ներկայացուցիչները և օրենսդիրի նախագահը, կացության և հատկապես տնտեսության աղետալի իրավիճակին ավելի լավ տիրապետելով, խաղաղության կողմնակից են։

-Այս իրավիճակի հանգուցալուծում տեսնո՞ւմ եք։

-Կարծում եմ՝ դարձյալ կակտիվանան միջնորդները և կփորձեն նոր էսկալացիայի դեմն առնել։ Իրանում էլ ազդեցիկ են այն խմբերը, որոնք ԱՄՆ-ի հետ ունեցած այս թնջուկի հանգուցալուծման կողմնակից են։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment