Ընտրական բարեվարքության և մեդիագրագիտության թեմայով դասընթաց՝ Իջևանում

Իջևան համայնքում անցկացվեց «Ընտրական բարեվարքություն և մեդիագրագիտություն» թեմայով դասընթաց-քննարկում, որի նպատակն էր նպաստել քաղաքացիների ընտրական իրազեկվածության բարձրացմանը, մեդիագրագիտության զարգացմանը և տեղեկատվական միջավայրում ապատեղեկատվության նկատմամբ դիմակայունության ամրապնդմանը։

Դասընթացը վարեցին ՔՀԿ ներկայացուցիչ «Թելիկ» ՀԿ՝ Հասմիկ Մարգարյանը, իրավաբան Ռուբեն Խանումյանը Տարածքային լրագրող Լևոն Վարդապետյանը, ովքեր ներկայացրին ընտրական գործընթացների հիմնական սկզբունքները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական միջավայրի մարտահրավերները։

Հանդիպմանը մասնակցում էին Իջևան համայնքի բնակիչներ, այդ թվում՝ Իջևանի «Թելիկ» նախաձեռնության վարպետ կանայք, ինչպես նաև թեմայով հետաքրքրված քաղաքացիներ։ Նրանք ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներին՝ կիսվելով իրենց դիտարկումներով և փորձով։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ընտրական բարեվարքության հիմնական սկզբունքները, ընտրական գործընթացներում քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև մեդիագրագիտության դերը ժամանակակից տեղեկատվական միջավայրում։ Քննարկվեցին սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվության, մանիպուլյատիվ բովանդակության և կեղծ տեղեկատվության ճանաչման արդյունավետ մեթոդները, ինչպես նաև փաստերի ստուգման գործիքների կիրառման կարևորությունը։

Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով։ Մասնակիցները գործնական առաջադրանքի շրջանակում վերլուծեցին սոցիալական ցանցերում տարածված մի շարք հրապարակումներ, փորձեցին գնահատել դրանց արժանահավատությունը և սովորեցին, թե ինչպես կարելի է տարբեր աղբյուրների միջոցով ստուգել տեղեկատվության ճշգրտությունը։ Քննարկումների ընթացքում նրանք բարձրաձայնեցին իրենց հարցերն ու կարծիքները՝ ձևավորելով ակտիվ երկխոսություն դասընթացավարների հետ։
Դասընթացի մասնակիցներից մեկը նշեց. «Այսպիսի հանդիպումները կարևոր հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու ընտրական գործընթացները և ավելի վստահ մասնակցելու հանրային կյանքին»։

Իջևանի «Թելիկ» նախաձեռնության մասնակիցներից մեկը հավելեց. «Մեդիագրագիտությունը դարձել է անհրաժեշտ հմտություն յուրաքանչյուրի համար։ Այս դասընթացը օգնեց հասկանալ, թե ինչպես տարբերել հավաստի տեղեկատվությունը կեղծից և չդառնալ ապատեղեկատվության տարածող»։

Մասնակիցները կարևորեցին նմանատիպ կրթական նախաձեռնությունների իրականացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոչ միայն ընտրական մշակույթի ձևավորմանը, այլև համայնքներում պատասխանատու և տեղեկացված քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Նրանք ընդգծեցին, որ ձեռք բերած գիտելիքները օգտակար կլինեն ինչպես առօրյա կյանքում տեղեկատվության գնահատման, այնպես էլ ընտրական գործընթացներին առավել իրազեկ և պատասխանատու մասնակցության համար։

Դասընթացի ավարտին կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով նման նախաձեռնությունների շարունակական իրականացումը Հայաստանի մարզերում։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Լևոն Վարդապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment