Հուլիսի 8-ի դրությամբ այգու աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կապարակնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկներին, նաև` 12 ազնվացեղ սպորտային ձիերին (արաբական, անգլիական տեսակի նժույգներ), 9 նեղոսյան կոկորդիլոսներին։
Ըստ կենդանաբանների՝ ձիերը մեկ օրից ավելի սոված և ծարավ չեն դիմանում, սկսում են հյուծվել։ Գագիկ Ծառուկյանի ձիերը մեկ օրից ավելի ջուր անգամ չեն խմել։ Կոկորդիլոսները կերակրվում են շաբաթը մեկ, սակայն նրանց կերակրման օն անցել է, և նրանք 10 օրից ավելի է սոված են։ Նույն վիճակում են թռչուններն ու այլ կենդանատեսակները։
Տարածք մուտք գործել թույլ չեն տվել նաև ձիասպորտի վարպետին իր սաների հետ։
Այս կադրերում նա վնասված ոտքով ժամեր շարունակ սպասում է Քննչական կոմիտեից թույլտվություն ստանալուն։
Կենդանիների նկատմամբ փաստացի դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, նրանց ջրազրկման ու սովի են մատնել։ Այս կենդանիները քաղաքականության հաշվեհարդարի զոհ չպետք է դառնային, բայց դարձան։ Իսկ մեր պետական մարմինները տարան հենց դրան։
Պետական պաշտոնյաներից ամեն ոք այս հարցում պետք է գործեր՝ ի շահ կենդանիների, ոչ թե իր սեփական աթոռը կորցնելու վախից լռեր։
Եվ պետք է բացառել այս կենդանիների տեղափոխումն այլ վայր, քանի որ Հայաստանում չկան նրանց համար էլ ավելի հարմարավետ պայնաններ, քան Ծառուկյանն է ստեղծել։
Լուսանկարների հետ տեղադրում եմ նաև Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծների ու վագրերի կադրերը։ Ֆոտոյով ֆիքսել եմ դրվագներ, որոնք ապացուցում են, որ նախ՝
1. Կենդանաբանական այգու աշխատակիցները հատուկ տեսակի Cites յան կատվազգիներին ինչպես են կոպիտ խախտումներով քնեցրել ու տեղափոխելուց նույնիսկ շնչառական խողովակ չեն տեղադրել։ Էլ չեմ ասում, թե կենդանու գլխի ու վզի հատվածը ինչ վայրենավարի են տանում, որի հետևանքով սատկել է սպիտակ առյուծներից մեկը։
Դեռ պարզ չէ՝ մյուսներն ինչպե՞ս են։
Բացի այդ, ըստ Կենդանաբանական այգու հաղորդագրության՝ սատկած կենդանին ծեր էր և ճարպակալած։ Այնինչ այդ առյուծը, ըստ մասնագետների, ընդամենը 12 տարեկան էր և կարող էր հղի լինել։ Դա դեռ պետք է ճշտվի, եթե կենդանու դին տրամադրեն տերերին։
Եվ հետո սկզբում տարածեցին ինֆորմացիա, թե որձ առյուծն է անկել, հետո, թե՝ էգը։ Որտե՞ղ գտնենք ճիշտը։
2. Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը «Ազատության» լրագրողին ասել է, թե Գագիկ Ծառուկյանի առյուծները բետոնի վրա էին պահվում։ Տեղադրում եմ նաև առյուծների ազատավանդակի տեսանյութը, որից պարզ է դառնում, որ Աշոտ Ասլանյանը սխալվում է, առյուծները հողի, ավազի վրա էին ապրում, մինչդեռ Կենդանաբանական այգու աշխատակիցների ոչ համաչափ գործողությունների հետևանքով առյուծը սատկեց։
Նարինե Կիրակոսյան, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող


