8 հուլիսի 2026 – 13:42 AMT
PanARMENIAN.Net – Սեպտեմբերին նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ին անցկացվելու է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը;
Այն միտված է Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։
Հեծանվային արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի՝
- մասնակիցը կարողանա առանց դադարի հեծանիվ վարել առնվազն 25 կմ,
- մասնակիցն ունենա բժշկի թույլտվություն կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք, որը չի պարունակի հեծանվային արշավին մասնակցելու հակացուցումներ,
- մասնակիցը պատրաստակամ լինի օգոստոսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։
Մասնակիցներն արշավին մասնակցելու են իրենց սեփական հեծանիվներով, ընդ որում թույլատրվելու են միայն մեխանիկական հեծանիվները։
Արշավի ավարտին անցկացվելու է եզրափակիչ միջոցառում, որի ընթացքում բոլոր մասնակիցներին շնորհվելու են հավաստագրեր։ Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։
Հեծանվային արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է hetsanvayinarshav2026@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տվյալները՝
- մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր),
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
- բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է։