Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը

Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը

​Arca ազգային վճարային համակարգի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը և խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը հուլիսի 7-ին ամփոփել են 2025 թվականի հիմնական արդյունքները, ազգային վճարային համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու ռազմավարական առաջնահերթությունները։ ​«Քառորդ դար Arca-ն հանդիսանում է Հայաստանի ազգային վճարային համակարգը։ Այսօր Arca-ն 55 տոկոսով Կենտրոնական բանկի սեփականությունն է, իսկ 45 տոկոսով՝ 15 առևտրային բանկերի»,- ասաց խորհրդի նախագահը։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել են 2025 և 2026 թվականների հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2025 թվականին քարտային գործարքների ծավալը կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը՝ ավելի քան 1 միլիարդ։

Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանն ամփոփիչ տվյալները ներկայացնելիս ընդգծեց, որ Arca-ն շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ նպաստելով Հայաստանի վճարային համակարգի զարգացմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և անվտանգ վճարային միջավայրի ձևավորմանը․ «Մեր ընկերության տեսլականն է լինել հուսալի և նորարար ազգային վճարային համակարգ, և սրանք պարզապես բառեր չեն։ Մենք, ձգտելով ցույց տալ լավագույն արդյունքները, սահմանել ենք շեմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համակարգային հասանելիությունը պետք է լինի 99.982%»,- շեշտեց նա և հավելեց որ միևնույն ժամանակ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780%, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով այն 99.991% է։ «Սա լավագույն ցուցանիշն է (միջազգային չափանիշներով), որին ձգտում ենք հասնել ընկերության ռազմավարությամբ մինչև 2030 թվականը»,- նշեց Վարդան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին համակարգի անհասանելիությունը եղել է 15 ժամ, իսկ 2026-ին եղել է ընդամենը 6 րոպե․ «Այս 6 րոպեն էլ դա մեր պլանային աշխատանքների ժամանակ համակարգի վերագործարկման միլիվայրկյանների հանրագումարն է»,- ընգծեց Վարդան Խաչատրյանը։ Անդրադարձ է կատարվել նաև Arca քարտերի միջոցով կատարված վճարումների դիմաց 2 տոկոս հետվճար ստանալուն․ «6 ամսվա տվյալներով մոտ 2,1 միլիարդ դրամի հետվճար է տրամադրվել»,- ասաց Arca-ի գործադիր տնօրենը։ «Ուզում եմ նշել, որ արդեն իսկ ավարտում ենք Հնդկաստանի ազգային համակարգի հետ ինտեգրացիան, որից հետո Հայաստանից դեպի Հնդկաստան ArcaPay-ով ակնթարթային փոխանցումներ կիրականացվեն հաշիվների միջև»,- ներկայացրեց Վարդան Խաչատրյանը։

Arca-ի զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը ևս հավելեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև վրացական «Bank of Georgia» կազմակերպության հետ։ «Այսինքն՝ մենք այս տարի, բացի Հնդկաստանից, կունենանք առցանց փոխանցումներ նաև Վրաստանի ուղղությամբ, նաև բանակցությունների մեջ ենք ԱՄԷ-ի, Ուզբեկստանի, Ղրղզստանի համապատասխան համակարգերի հետ»,- շեշտեց նա և հավելեց, որ գործընթացը վարում են ոչ միայն ArcaPay-ի փոխանցումների համար, այլև քարտերի։ «Հաջորդ տարի Վրաստանում հնարավորություն կլինի Arca քարտով վճարումներ կատարել»,- նշեց Ռուբեն Սաղոյանը։

Arca-ի զարգացման տնօրենի խոսքով՝ մինչև 2027 թվականի առաջին եռամսյակը Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay-ին․ «Իսկ երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին»,- ասաց նա։ Նշենք, որ Arca-ն շարունակելու է զարգացնել իր առաջարկած ծառայությունները և այսուհետ լինելու է ավելի բաց ու թափանցիկ հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցվելիս՝ որպես Հայաստանի ազգային վճարային համակարգ։

Leave a Comment