Եթե որևէ չնախատեսված բան տեղի չունենա, ապա ԱՄՆ-ի հետ բանակցությունները կկայանան Իսլամաբադում և կանցկացվեն երկու փուլով՝ երկու օրվա ընթացքում։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դիվանագետը հույս է հայտնել, որ Սպիտակ տուն կվերադառնա բանականությունը, և ԱՄՆ-ն կհետևի իր ստանձնած պարտավորություններին։ «Սակայն եթե նրանք շարունակեն խախտել պայմանավորվածությունները, ապա Իրանը դրան կպատասխանի»,- զգուշացրել է Շիրղոլամին։
Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, տեսնելով, որ չի կարող շարունակել պատերազմը Իրանի դեմ, որոշել է համաձայնել հրադադարին։ «Սակայն, հաշվի առնելով Թրամփի բնավորությունն ու Իսրայելի նպատակները, այդ մարդը վերջնական որոշում չի կայացրել, թե ինչ ճանապարհով է պատրաստվում առաջ շարժվել։ Դա հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ն մի քանի անգամ խախտել է ձեռք բերված համաձայնությունը»,- նշել է դիվանագետը։
Շիրղոլամին հավելել է, որ երեկ ԱՄՆ-ն խախտել է համաձայնագրի 10-րդ կետը, որը վերաբերում է առանց պատժամիջոցների իրանական նավթի վաճառքին։ «Նման գործողությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն սովոր չէ հավասար հիմունքներով բանակցել և հաշվի առնել հակառակ կողմի շահերը։ Սակայն Իրանն արդեն ապացուցել է, որ չի հանձնվի և չի ենթարկվի ԱՄՆ-ին»,- եզրափակել է դեսպանը։