Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված և Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 751-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգում։
Նախագծով նախատեսվում է պարզեցնել tax free համակարգը, նվազեցնել գործող շեմը և ներդնել ԱԱՀ վերադարձի առավել թվայնացված մեխանիզմ։
Այս պահի դրությամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի N 751-Ն որոշմամբ։
Ի՞նչ է փոխվելու
ԱԱՀ վերադարձի նվազագույն շեմը կնվազի
Ներկայում օտարերկրյա քաղաքացիները կարող են ԱԱՀ վերադարձ ստանալ, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարած գնումների արժեքը գերազանցում է 50 հազար դրամը։
Նախագծով առաջարկվում է նվազեցնել այդ շեմը՝ սահմանելով 10 հազար դրամ։
- գործող 8 335 դրամի փոխարեն սահմանելով 1 667 դրամ։
Այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում կատարված ավելի փոքր գնումների դեպքում ևս հնարավորություն կունենան օգտվելու ԱԱՀ վերադարձի համակարգից։
Դրան համապատասխան՝ նվազեցվում է նաև վերադարձի ենթակա նվազագույն ԱԱՀ գումարը՝
Գործընթացի կազմակերպումը ներկայումս իրականացվում է պետական կառավարման համակարգի միջոցով (մաքսային և ֆինանսների մարմինների ներգրավմամբ), ինչը ենթադրում է փաստաթղթային շրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում։ Միաժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ tax free shopping համակարգերի արդյունավետությունը զգալիորեն կախված է նվազագույն գնման շեմից և կառավարման մոդելից։
Մասնավորապես՝
• Իսպանիայում նվազագույն շեմը բացակայում է (0 եվրո),
• Ուրուգվայում՝ մոտ 13 եվրո,
• Կոլումբիայում՝ մոտ 30 եվրո,
• Ճապոնիայում՝ մոտ 35 եվրո,
• Դանիայում՝ մոտ 40 եվրո,
• Նիդեռլանդներում, Բելգիայում և Գերմանիայում՝ շուրջ 50 եվրո,
• Սինգապուրում՝ մոտ 70 եվրո,
• Ավստրիայում՝ մոտ 75 եվրո,
• Ֆրանսիայում՝ շուրջ 100 եվրո։
Վերոնշյալից երևում է, որ Հայաստանի գործող շեմը՝ մոտ 120 եվրոյին համարժեք ավելի բարձր է, քան բազմաթիվ մրցակից զբոսաշրջային ուղղություններում կիրառվող շեմերը, ինչն էապես սահմանափակում է համակարգի հասանելիությունն ու արդյունավետությունը։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բարձր շեմը՝
• նվազեցնում է փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավվածությունը,
• սահմանափակում է ապրանքների վաճառքը զբոսաշրջիկներին,
• նվազեցնում է գործարքների քանակը։
Օրինակ՝ Նիդեռլանդներում շեմի նվազեցումը 150 եվրոյից մինչև 50 եվրո հանգեցրել է tax free գործարքների բազմակի աճի, իսկ որոշ երկրներում վաճառքների թիվը կրկնապատկվել և նույնիսկ եռապատկվել է։
Բացի այդ, գործող համակարգում ԱԱՀ վերադարձի գործընթացի միայն պետական կառավարման մոդելը սահմանափակում է դրա օպերատիվությունը և գրավչությունը զբոսաշրջիկների համար։ Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջանում նվազեցնել նվազագույն շեմը, ներդնել առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել, ապահովել գործընթացի թվայնացում և արագացում։
Միաժամանակ, հետագայում նախատեսվում է քննարկել նաև գործող կարգավորմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաև փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս բացակայում է։
Ի՞նչ է առաջարկվում նախագծով
1. նվազեցնել ԱԱՀ վերադարձի համար սահմանված նվազագույն գնման շեմը՝ այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին,
2. ԱԱՀ վերադարձի գործընթացում նախատեսել նաև լիազորված օպերատոր ներգրավելու հնարավորություն,
3. ապահովել համակարգի ամբողջական թվայնացում և պարզեցում։
Կվերանայվի վճարումների և փաստաթղթավորման գործընթացը
Նախագծով նախատեսվում է ընդլայնել վճարային համակարգերի շրջանակը՝ թույլ տալով օգտագործել ոչ միայն VISA և MASTER համակարգերը, այլև լիազորված օպերատորի կողմից առաջարկվող այլ վճարային համակարգեր։
Նախատեսվում է նաև հանել որոշ փաստաթղթային պահանջներ՝ կապված դրամարկղի մուտքի օրդերի հետ։
Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի ԱԱՀ վերադարձը օտարերկրյա անձանց իրականացվի նաև լիազորված օպերատորի միջոցով։
Որպես նման օպերատոր կարող է հանդես գալ միջազգային փորձ ունեցող կազմակերպություն, որն ունի ԱԱՀ վերադարձի թվային համակարգերի ներդրման և գործարկման փորձ։
Նախագծում որպես օրինակ նշվում է Global Blue ընկերությունը։
Լիազորված օպերատորը պարտավորվելու է իր միջոցներով՝
- ստեղծել և ներդնել ԱԱՀ վերադարձի ամբողջական թվային համակարգ,
- ապահովել դրա անխափան աշխատանքը,
- իրականացնել վերադարձի գործընթացը։
Միաժամանակ օպերատորը կարող է գանձել ծառայության վճար, որը չի կարող գերազանցել վերադարձվող ԱԱՀ գումարի 25 տոկոսը։
Միաժամանակ, մասնավոր օպերատորի ներգրավումը թույլ է տալիս բարձրացնել համակարգի արդյունավետությունը՝ համեմատած ամբողջությամբ պետական կառավարման մոդելի հետ։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ակնկալվում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավում՝ մանրածախ առևտրի ոլորտի ակտիվացման, ՓՄՁ-ների ներգրավվածության բարձրացման, զբոսաշրջիկների ծախսերի աճի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային և առևտրային գրավչության բարձրացման միջոցով։
Բյուջետային ազդեցություն
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Վերահսկողության մեխանիզմներ
Եթե ԱԱՀ վերադարձը իրականացվի լիազորված օպերատորի միջոցով, ապա վերջինս պարտավոր կլինի կառավարության սահմանած պահանջներին համապատասխան հաշվետվություններ ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը ՝ նախագծին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ։