ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզալցակայանը շուրջ 1,6 մլրդ դրամի չփաստաթղթավորված վառելիք է իրացրել․ ՊԵԿ-ի նոր բացահայտումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտում է ներկայացրել Կոտայքի մարզում և Երևանում գործող բենզալցակայանի գործունեության վերաբերյալ։

ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Վերին Պտղնի համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 հասցեում և Երևան քաղաքի Գյուրջյան 10/2 հասցեում գործող բենզալցակայանը վառելիք է ձեռք բերել առանց համապատասխան փաստաթղթավորման, իսկ իրացման ընթացքում չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և գործարքները չի արտացոլել հարկային հաշվառումներում։

ՊԵԿ-ից հայտնում են, որ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում ուսումնասիրվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխման կետերը, պահեստավորման տարաները և այլ տվյալներ։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել և իրացրել տարբեր տեսակի հեղուկ վառելիքներ՝ շուրջ 1,6 մլրդ դրամի չափով։

Ըստ ՊԵԿ-ի՝ բենզալցակայանի իրական շրջանառության մի մասը չի փաստաթղթավորվել․ վաճառված վառելիքի արժեքները չեն մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենաներ, և ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել։ Դրա հետևանքով հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառվել են խեղաթյուրված տվյալներ։

ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 մլն դրամի վնաս։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ-ը շարունակում է միջոցառումները հարկային իրավախախտումների բացահայտման և կանխման ուղղությամբ՝ միաժամանակ կոչ անելով տնտեսվարողներին հայտարարագրել իրական շրջանառությունները։

Նշենք, որ հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment