Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցման շուրջ քննարկումներին և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության հեռանկարներին՝ ընդգծելով, որ Իրանը շահագրգռված է հարավկովկասյան համագործակցության խորացմամբ։
Դեսպանի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվում են դրական միտումներ, իսկ Հայաստանի և Իրանի միջև տարբեր մակարդակներում շարունակվում են էներգետիկ ոլորտին վերաբերող ակտիվ քննարկումները։ Նա հիշեցրել է, որ Իրանի փոխնախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում վարչապետի և փոխվարչապետի հետ քննարկվել են նոր ծրագրեր ու գաղափարներ՝ էներգետիկ կապերի ընդլայնման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ օրակարգում են գազի, էներգակիրների տեղափոխման և տրանզիտի, ինչպես նաև նավթամթերքի ոլորտներում համագործակցության նախագծերը։
«Տարածաշրջանում առկա ներուժը լիովին բավարար է, որպեսզի Հայաստանը, հաշվի առնելով, որ հարևան է թե՛ Իրանին, որը նավթի և գազի պաշարներով աշխարհի առաջատար երկրներից է, թե՛ Ռուսաստանին, դառնա էներգետիկ ոլորտի և էներգակիրների տրանզիտի յուրահատուկ օղակ», — նշել է Խալիլ Շիրղոլամին։
Միաժամանակ նա հրաժարվել է հրապարակել ընթացիկ քննարկումների մանրամասները՝ նշելով, որ նախագծերը դեռ ուսումնասիրության և նախնական փուլում են։
Դեսպանի գնահատմամբ՝ եթե կողմերը դրսևորեն անհրաժեշտ քաղաքական կամք, Հայաստանը կարող է զգալիորեն խորացնել իր էներգետիկ ներուժը և զբաղեցնել նոր դիրք տարածաշրջանային էներգետիկ համակարգում։