Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում է պետությանը վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռնի տիրապետության տակ գտնվող գույքը։
Պահանջը «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականտեր, «Բարգավաճ Հայաստան» կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման և նրա սեփականության նկատմամբ գործողությունների ֆոնին է։ Դատախազության վարկածով՝ Սևանի ափին գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները ապօրինի են հայտնվել «Մուլտի գրուպ» կոնցեռնի տիրապետության ներքո։
Հայցով պահանջվում է անվավեր ճանաչել 1996-2025 թվականներին կնքված մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ «Բեղլու» ՓԲԸ-ի, Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի մասնակցությամբ գործարքները։
Դատախազությունը պահանջում է ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա հողատարածքը, դրա վրա կառուցված բնակելի տները, նավակայանը և այլ շինություններ։ Դատարանը նաև կիրառել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով վիճելի գույքի օտարումը կամ դրա փաստացի վիճակի փոփոխությունը մինչև գործի վերջնական քննությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։
Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։
