2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական ամփոփագրի ուսումնասիրությունը թույլ է տալիս ընտրական գործընթացը գնահատել ոչ միայն կուսակցությունների ստացած ձայների, այլև ընտրողների և ընտրական համակարգի կառուցվածքային առանձնահատկությունների տեսանկյունից։
Կանայք կազմել են ընտրողների մեծամասնությունը
Գեղարքունիքում ընտրողների 50.12 %-ը կանայք են, իսկ 49.88 %-ը՝ տղամարդիկ։ Սակայն քվեարկությանը մասնակցության մակարդակն այլ է․ կանանցից մասնակցել է 56.74 %-ը, մինչդեռ տղամարդկանց շրջանում մասնակցությունը կազմել է 51.39 %։
Այս միտումը մասամբ տարբերվում է հանրապետական պատկերից, որտեղ տղամարդկանց և կանանց մասնակցության ցուցանիշները գրեթե հավասար են։
Գեղարքունիքում ընտրողների ամենամեծ խումբը 35-50 տարեկաններն են (30.81%), սակայն ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է 50-65 տարեկանների (58.46%) և 65-ից բարձր ընտրողների (59.02%) շրջանում։ Մինչդեռ 18-35 տարեկանների մասնակցությունը կազմել է ընդամենը 50.50%:
Կանայք ընտրական հանձնաժողովներում
Թեև կանայք մարզում ընտրողների կեսից ավելին են՝ ընտրական հանձնաժողովների կազմում պատկերը հակառակն է։
Գեղարքունիքում տեղամասային ընտրական հանձնաժողովների 1221 անդամներից միայն 562-ն են կանայք, այսինքն՝ շուրջ 46%: Կանանցից 31-ը հանձնաժողովի նախագահներ են, իսկ 89-ը՝ քարտուղարներ։
Երիտասարդների ներգրավվածությունը հանձնաժողովներում
Գեղարքունիքում տեղամասային հանձնաժողովներում մինչև 35 տարեկան անդամների թիվը 301 է, որոնցից 26-ը են նախագահներ են, իսկ 37-ը՝ քարտուղարներ։
Թեկնածուների կազմը
Ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների ցուցակներում ընդհանուր առմամբ գրանցվել է 2104 թեկնածու, որոնցից 795-ը կանայք են՝ մոտ 38 %։
Թեկնածուական ամենամեծ ցուցակն ունեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 293 թեկնածու, որոնցից 105-ը կանայք էին։ «Հայաստան» դաշինքը գրանցել է 217 թեկնածու, որոնցից 74-ը կանայք էին։
Այս տվյալները ցույց են տալիս, որ Գեղարքունիքում առավել ակտիվ են եղել միջին և ավագ տարիքի ընտրողները, կանայք ցուցաբերել են մասնակցության համեմատաբար բարձր մակարդակ, իսկ երիտասարդների ներգրավվածությունը թե՛ քվեարկության, թե՛ ընտրական հանձնաժողովներում դեռևս էական չէ։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝Պապին Մուրադյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։