Խորհրդարանական ընտրությունների արդյունքները Գեղարքունիքում՝ համայնք առ համայնք

2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունները դարձան Հայաստանի վերջին տարիների ամենամրցակցային քաղաքական գործընթացներից մեկը։

Քարոզարշավի հենց առաջին օրվանից ակնհայտ էր, որ մարզերում ընտրողների որոշումների վրա շարունակում էին ազդեցություն ունենալ նաև տեղական խնդիրները, համայնքային ղեկավարների հեղինակությունը, սոցիալ-տնտեսական պայմաններն ու անվտանգային մտահոգությունները։

Այս համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Գեղարքունիքի մարզը։ Հինգ համայնքներում ընտրողների մասնակցությունը տատանվել է 50-65%-ի սահմաններում, ինչը ցույց է տալիս, որ քաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը մարզում շարունակում է մնալ բավական բարձր։

Ընտրությունների արդյունքներն ըստ համայնքների.

Համայնք Ընտրողներ Մասնակցածներ Մասնակցություն
Գավառ 42 937 21 765 50.7%
Ճամբարակ 11 491 7 485 65.1%
Մարտունի 62 164 30 645 49.3%
Սևան 32 267 19 597 60.7%
Վարդենիս 29 334 17 735 60.4%

 

 

Առավել ակտիվ են եղել Ճամբարակի, Սևանի և Վարդենիսի ընտրողները, մինչդեռ Գավառում և հատկապես Մարտունիում մասնակցությունը եղել է համեմատաբար ավելի ցածր։

Գեղարքունիքի բոլոր հինգ համայնքներում հաղթող է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Մարտունիում կուսակցությունը ստացել է 62.32 % ձայն։

Գավառում և Վարդենիսում կուսակցության արդյունքը նույնպես գերազանցել է 55 %՝ համապատասխանաբար 55.73 և 55.60 %։ Սևանում այն կազմել է 52.41 %, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ճամբարակում՝ 47.93 %, որտեղ քաղաքական մրցակցությունն առավել արտահայտված էր։

Այս պատկերն արդեն ինքնին ցույց է տալիս, որ թեև մարզում իշխող ուժը պահպանել է բացարձակ առավելությունը, սակայն համայնքների միջև քաղաքական նախընտրությունները միատարր չեն։

Մարզկենտրոն Գավառում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 11 983 ձայն (55.73%), իսկ «Հայաստան» դաշինքը, հավաքել է 1 277 ձայն (5.94%)։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստացել է 5 111 ձայն (23.77%), ինչը փաստում է, որ Գավառում հենց այս քաղաքական ուժն է ձևավորել հիմնական ընդդիմադիր բևեռը։

Ուշադրության արժանի է նաև այն, որ մյուս կուսակցությունների մեծ մասը չի կարողացել հաղթահարել նույնիսկ 2-3 %-ի սահմանը։ Սա վկայում է ընտրողների ձայների կենտրոնացման մասին՝ մի քանի հիմնական քաղաքական ուժերի շուրջ։

Ճամբարակ

 Ճամբարակում նույնպես «Քաղաքացիական պայմանագիրը» զբաղեցրել է առաջին տեղը՝ 47.93 %, սակայն մյուս համայնքների համեմատ այն չի ստացել ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը հավաքել է 22.67%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 11.42 %։

 Մարտունի

Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 18 898 ձայն կամ 62.32 %, ինչը ոչ միայն մարզի, այլև հանրապետության բազմաթիվ համայնքների համեմատ բավական բարձր արդյունք է։ Մարտունիում երկրորդ քաղաքական ուժը եղել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 4494 ձայն կամ 14.82 %։ «Հայաստան» դաշինքը ստացել է 6.98

Հատկանշական է նաև, որ «Միասնության թևեր» կուսակցությունը Մարտունիում արձանագրել է մարզի՝ իր լավագույն արդյունքը՝ 4.69

Սևանում քաղաքական պայքարը համեմատաբար ավելի բազմաբևեռ էր։

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 10 166 ձայն (52.41%), իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 4 278 ձայն (22.05 %)։ «Հայաստան» դաշինքը հավաքել է 2 732 ձայն (14.08%)։

Սևանի առանձնահատկությունն այն է, որ ընդդիմադիր ընտրազանգվածը բաժանված է եղել մի քանի ուժերի միջև։

Վարդենիս

Վարդենիսում ընտրությունների արդյունքները նույնպես պահպանել են վերջին տարիներին ձևավորված քաղաքական միտումները։

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 9 727 ձայն կամ 55.60 %, երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ 16.96 %, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 10.84 %։

Թեև այստեղ ընդդիմադիր ձայները համեմատաբար ավելի բարձր են, քան Մարտունիում, դրանք կրկին բաժանվել են մի քանի քաղաքական ուժերի միջև։

Հինգ համայնքների համեմատությունը ցույց է տալիս մի քանի կարևոր օրինաչափություն.

  • «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է բոլոր համայնքներում՝ ստանալով 48-62%-ի միջակայքում արդյունք։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը փաստացի դարձել է մարզի հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը։ Գրեթե բոլոր համայնքներում այն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 15-24% աջակցություն։
  • «Հայաստան» դաշինքը, որը նախորդ ընտրություններում Գեղարքունիքում ավելի ազդեցիկ դիրքեր ուներ, այս անգամ ավելի համեստ արդյունքներ է գրանցել՝ հիմնականում 6-14% սահմաններում։
  • Մնացած քաղաքական ուժերը հիմնականում ստացել են մինչև 5 % քվե։

Այսպիսով, Գեղարքունիքի ընտրական պատկերը ոչ միայն արտացոլում է մարզի ներկա քաղաքական տրամադրությունները, այլև կարևոր հիմք է տալիս հասկանալու, թե ինչ ուղղությամբ կարող են զարգանալ քաղաքական գործընթացներն այս մարզում առաջիկա տարիներին։

 

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝Պապին Մուրադյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment