Խորհրդարանական ընտրությունների արդյունքները Գեղարքունիքի մարզում

2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների մարզային արդյունքները ցույց են տալիս, որ Գեղարքունիքը շարունակում է զբաղեցնել առանձնահատուկ տեղ Հայաստանի քաղաքական քարտեզում։ Ընտրական պատկերը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնք տարբերում են այն մյուս մարզերից։

Առաջին հերթին աչքի է ընկնում ընտրողների ակտիվությունը։ Գեղարքունիքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 178 193, որոնցից քվեարկությանը մասնակցել է 97 227 մարդ, կամ մոտ 54.6 %։ Այս ցուցանիշը մոտ է հանրապետական միջինին, սակայն զիջում է Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերին, որտեղ մասնակցությունն ավելի բարձր էր։

Գեղարքունիքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 54 320 ձայն կամ 56.52 %, ինչը զգալիորեն գերազանցում է կուսակցության հանրապետական արդյունքը՝ 49.75 %:

Սա նշանակում է, որ Գեղարքունիքը կարելի է դասել այն մարզերի շարքին, որտեղ գործող իշխանությունն ունի համեմատաբար ամուր քաղաքական հենարան։ Ավելի բարձր արդյունքներ արձանագրվել են միայն Տավուշում (59.73%), Վայոց ձորում (59.68%) և Արագածոտնում (58.81%

Մարզում երկրորդ արդյունքը գրանցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 18 528 ձայն կամ 19.28 %։ Թեև այս ցուցանիշը զիջում է Երևանի (24.62%) և Լոռու (33.33%) արդյունքներին, այն հաստատում է, որ հենց այս դաշինքն է մարզում ձևավորել հիմնական ընդդիմադիր բևեռը։

Միաժամանակ «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում ստացել է 8 868 ձայն կամ 9.23 %, ինչը ցածր է հանրապետության մի շարք մարզերում գրանցված ցուցանիշներից։ Օրինակ՝ Երևանում այն ստացել է 12.72%, իսկ Կոտայքում՝ 11.10%։

Մարզային ամփոփ տվյալները ցույց են տալիս, որ մյուս կուսակցությունների մեծ մասը Գեղարքունիքում ստացել է համեմատաբար փոքր աջակցություն։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է 5.95 %, «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 2.74 %, մնացած ուժերի մեծ մասը չի հաղթահարել նույնիսկ երկու տոկոսի շեմը։

Այս պատկերը փաստում է, որ մարզում քաղաքական մրցակցությունը հիմնականում ծավալվել է երեք ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Հայաստան» դաշինքի միջև։

Մարզի բոլոր համայնքներում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարձր արդյունքները, ընտրողների համեմատաբար ակտիվ մասնակցությունը և ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը ցույց են տալիս, որ Գեղարքունիքը պահպանել է իր քաղաքական կայունությունը։ Միաժամանակ մարզային և հանրապետական տվյալների համադրումը վկայում է, որ այստեղ առկա են նաև տարբեր համայնքների միջև քաղաքական տարբերություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ հետագա ընտրական գործընթացների և քաղաքական զարգացման վրա։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝Պապին Մուրադյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment