ԱՄՆ-ն կրկին հարվածել է Իրանին, չեղարկել նավթի վաճառքի թույլտվությունը

Միացյալ Նահանգների զինուժը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ մեղադրելով Թեհրանին համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար։

«Հարվածները նպատակ ունեին ծանր գին սահմանել միջազգային ջրային ուղում անմեղ քաղաքացիական անձանցից կազմված անձնակազմով առևտրային նավերին թիրախավորելու և դրանց վրա հարձակվելու համար», – ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ, որտեղ Իրանի գործողությունները «չհիմնավորված, վտանգավոր և հրադադարի ակնհայտ խախտում» են որակվում։

Իրանական լրատվամիջոցները հաղորդել են Իրանի հարավում հնչած մի քանի պայթյունների մասին, այդ թվում՝ Քեշմ կղզում, Սիրիկ քաղաքում և ռազմավարական նշանակության Բանդար Աբբաս նավահանգստի մոտակայքում։

ԱՄՆ-Իրան ատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեն նեղուցով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում 60-օրյա ժամկետի լրանալուց հետո։ Թեհրանը պնդում է, որ մատուցված ծառայությունների դիմաց իրավունք ունի վճարներ գանձել նեղուցից օգտվող նավերից, մինչդեռ Վաշինգտոնից հակադարձում են՝ Թեհրանը դա չի կարող անել։

Տնտեսական ճնշման վերականգնում

Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը՝ վերականգնելով նախորդ ամիս կողմերի միջև հաստատված փոխըմբռնման հուշագրով ժամանակավորապես կասեցված պատժամիջոցները։

«Ազատության» հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների մեղմումը «ամբողջությամբ հիմնված է պարտավորությունների կատարման վրա»։

Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է շրջանակային համաձայնագրի շարունակական խախտումների մեջ՝ մատնանշելով իրանական նավթամթեքրի վաճառքի դեմ սահմանված պատժամիջոցների վերականգնումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 6-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կա՛մ գործարք կկնքի Թեհրանի հետ, կա՛մ «ավարտին կհասցնի գործը»՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումն Իրանի վրա։ Իրանական կողմից ԱՄՆ նախագահի խոսքերը «պատրանքային» էին որակել՝ կոչ անելով հարգանքով խոսել իրանցի ժողովրդի հետ, «այլապես մենք այլ լեզվով կպատասխանենք»։

Leave a Comment