Սահմանադրական դատարանը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկած յոթ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ որոշման ամբողջական տարբերակը։
Ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ քվեարկության երկրորդ փուլ նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքները, ինչպես նաև «Նոր ուժ», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։ Գործի քննությունը տևել էր 6 օր, իսկ դատական նիստերի ընդհանուր տևողությունը կազմել էր շուրջ 50 ժամ։ Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը լսել էր դատավարության մասնակիցների ամփոփիչ ելույթները և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հուլիսի 4-ին ՍԴ-ն մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները։
Դիմող քաղաքական ուժերը Սահմանադրական դատարանից պահանջել էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, որոշ դեպքերում՝ սահմանել մանդատների բաշխման այլ կարգ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Նրանք պնդել էին, որ ընտրական գործընթացում կային են վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրողների նկատմամբ ճնշումներ, քարոզարշավի անհավասար պայմաններ, ընտրախախտումներ և այլ խախտումներ, որոնք, ըստ նրանց, ազդել են քվեարկության արդյունքների վրա։
Սահմանադրական դատարանը, գնահատելով դիմումներում ներկայացված փաստարկներն ու ապացույցները, եզրակացրել է, որ դրանք բավարար հիմք չեն ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումն անվավեր ճանաչելու համար։
Դատարանը նշել է, որ «դիմողների ներկայացրած փաստարկները չեն հիմնավորում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու անհրաժեշտությունը» և որոշել է մերժել բոլոր դիմումները՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը։
ՍԴ դիմած 7 քաղաքական ուժից 5-ը հայտարարել էր համատեղ գործողությունների և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին։
