NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը հայտարարել է, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ից շուտ մարդ ուղարկել Լուսին։ «Այն, որ չինացի տիեզերագնացները կթռչեն Լուսին, կասկած չի հարուցում։ Հարցն այն է՝ կհասցնե՞ն արդյոք ԱՄՆ-ն այնտեղ վերադառնալ նրանցից առաջ»,- ասել է Այզեքմանը։ Ավելի վաղ NASA-ի լուսնային բազայի ստեղծման ծրագրի ղեկավար Կառլոս Գարսիա-Գալանը նշել էր, որ ԱՄՆ-ն դեռևս բավարար տվյալներ չունի՝ Լուսին անձնակազմով առաքելություն իրականացնելու և այնտեղ բազայի կառուցումը սկսելու համար։
NASA-ի «Artemis» ծրագրի շրջանակում Լուսնի վրա վայրէջքը, որը սկզբում նախատեսված էր 2027 թվականին «Artemis III» առաքելությամբ, հետաձգվել է մինչև 2028 թվական և իրականացվելու է Artemis IV առաքելության շրջանակում։ Մինչ այդ՝ 2027 թվականին, նախատեսվում են կանոնավոր անօդաչու թռիչքներ։ Գործակալությունը նախատեսում է մինչև 2029 թվականը ապահովել Լուսնի մակերևույթ անվտանգ հասանելիության հնարավորություններ և սկսել գիտափորձեր, իսկ հետագայում՝ ստեղծել լուսնային բազայի առաջին ենթակառուցվածքները։ Մշտական անձնակազմերի ներկայությունը նախատեսվում է 2032 թվականից։
