«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարված քննչական գործողությունների արդյունքում առգրավված երեք առյուծն ու մեկ վագրը տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության պահպանման վարչության պետ Սիրարփի Հայկազյանի դիտարկմամբ՝ Հայաստանում հենց այս հաստատությունն է, որն ունի նման կենդանիներին ընդունելու, պահելու և անհրաժեշտ խնամք ապահովելու հնարավորություններ։
Միաժամանակ՝ դեռ հստակ չէ, թե վերջնակա՞ն է արդյոք առգրավված կենդանիների ցանկը։
Այգու մասնագետներն արդեն հասցրել են զննել նոր ժամանած գիշատիչներին։ Ըստ նրանց՝ առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Բացառությամբ առյուծներից մեկի, որն անկել է։
Կենդանաբանական այգին այսօր հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։
Կենդանու օրգան համակարգերը՝ փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը եղել են ախտահարված, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, ճարպակալում, որովայնի խոռոչում առկա էր ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։
Մինչև առյուծի անկելը Կենդանաբանական այգուց ասում էին` մեկը խնդիր ունի։
Առաջիկա օրերին կենդանիներն այցելուների տեսադաշտում չեն լինի։ Ինչպես ցանկացած նոր տեղափոխված կենդանի, նրանք ևս կտեղավորվեն կարանտինային հատվածում։ Մասնագետները շեշտում են՝ «կարանտին» բառն այս դեպքում չի նշանակում, թե հիվանդություն ունեն։
Խնամքի պայմանները չեն տարբերվի Կենդանաբանական այգու մյուս գիշատիչների խնամքից։ Նրանց համար սահմանված է հատուկ սննդակարգ, իսկ ամենօրյա վերահսկողությունն իրականացնելու են այգու անասնաբույժներն ու կենդանապահները։
Մասնագետների խոսքով՝ առաջնային նպատակն այն է, որ կենդանիները հնարավորինս արագ վերականգնվեն տեղափոխման սթրեսից և ապահով միջավայրում շարունակեն իրենց բնականոն կյանքը։
Նկատենք՝ գործընթացը և խուզարկությունները տեղի են ունեցել վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Առանձնատնից հայտնաբերվել և առգրավվել է նաև տարբեր կենդանիների ու թռչունների 190 խրտվիլակ։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն դրամի վնաս: Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիներին նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=NTeUSgojltw
