Շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ԱՄՆ-ում, որի ընթացքում 48 թիմ է պայքարում չեմպիոնական գավաթի համար։ Արդեն մոտենում ենք 1/4 եզրափակիչ զույգերին։ Այս առաջնությունը ֆուտբոլասերների համար թե՛ տպավորիչ է, թե՛ հիասթափեցնող։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
-Ինչպիսի՞ տպավորություն ունեք աշխարհի այս առաջնությունից, և իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք։
-Առհասարակ, այս առաջնությունն աչքի է ընկնում, նախ, իհարկե, այն հանգամանքով, որ անքնության ռեժիմ է ենթադրում, և մարդիկ, շատ դեպքերում հետևելով առաջնությանը, չեն կարողանում ամբողջապես գնահատել այն, ինչ տեսնում են։ Այս իմաստով, իհարկե, կեսկատակ, բայց երևի թե առաջնությունն ավելի հանգամանալից ամփոփելու համար դեռ ժամանակ կլինի՝ հասկանալու համար, թե ընդհանրապես հավաքականների քանակի ավելացումն ինչ տվեց առաջնությանը՝ ավելացրե՞ց դիտարժանությունը, թե՞ պարզապես հերթապահ խաղերի քանակը։ Ֆուտբոլային իմաստով, կարծես թե, մեծ առաջընթաց խաղային դիտարժանության տեսանկյունից չկա։ Փոխարենը տեսնում ենք, որ բավականին առաջընթաց կա տեխնոլոգիական առումով։ Այս հարցն ինձ մոտ, անձամբ, թողել է բավականին երկիմաստ տպավորություն, քանի որ տեխնոլոգիաները, իհարկե, գերճշգրիտ են դարձնում խաղի գնահատման հնարավորությունը, բայց նաև կարծես թե հենց խաղն է՝ իր որոշակի ինտրիգներով, դառնում ավելի քիչ դիտարժան։ Այս ֆուտբոլում կյանքը, կարծես թե, ավելի է տեխնոլոգիացվում, և խաղը վերածվում է ճշգրիտ գիտության։
-Եթե համեմատենք 2021-ի և այս առաջնությունները, ի՞նչ խնդիրներ ու նորարարություններ կարող ենք նկատել, որոնք ձեզ դուր են եկել։
-Խաղային, տակտիկական առումով մեծ առաջընթաց գոնե ես չեմ նկատել։ Թեպետ հատուկ ընդգծեմ, որ ես մասնագիտական աչքով, բնականաբար, չեմ հետևում առաջնությանը, բայց զուտ ֆուտբոլասերի աչքով եթե նշեմ, ապա այդ առումով շատ մեծ փոփոխություններ քառամյակի կտրվածքով չեն արձանագրվում։ Կրկնեմ՝ տեխնոլոգիական առումով, իհարկե, մենք տեսնում ենք, որ արդեն ամեն մի շարժը հստակ չափելի է դառնում։ Եվ մի կողմից՝ միլիմետրերով խաղից դուրս վիճակները կարելի է արձանագրել, բայց մեծ հարց է առաջանում. արդյո՞ք մենք, ֆուտբոլն այդ աստիճան տեխնոլոգիական դարձնելով, մի քիչ չենք սպանում կյանքը և խաղը։ Հիմա 48 թիմ է մասնակցում, և դեռ պետք է հասկանալ դրա էֆեկտիվությունը։ Իհարկե, որոշ թիմերի համար սա հնարավորություն էր հայտնվել աշխարհի առաջնությունում, այլապես եզրափակիչ փուլում երբեք չէին հայտնվի։
-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ՝ ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգանի կարմիր քարտը վերանայելու հարցով։ Քաղաքականությունն ինչքանո՞վ կարող է վնասած լինել ֆուտբոլին, և իրականում հնարավո՞ր է այսպիսի մեծ միջոցառումներն ամբողջապես զերծ պահել քաղաքականությունից։ Այստեղ քաղաքական ենթատե՞քստ կա։
-Այս առաջնությանը բնորոշ էին ակնհայտ քաղաքական միջամտությունները, և հատկապես՝ ամերիկյան կառավարության մասով։ Մենք տեսանք Թրամփի միջամտությունը՝ ԱՄՆ-Բելգիա խաղից առաջ սկանդալային միջադեպը։ Նա զանգահարել էր ՖԻՖԱ-ի նախագահին և «չակերտավոր» խնդրել էր չեղարկել ամերիկացի ֆուտբոլիստի կարմիր քարտը։ Նաև տեսանք Իրանի հավաքականի հանդեպ Թրամփի վարչակազմի բավականին ամոթալի վերաբերմունքը, երբ Միացյալ Նահանգները չերաշխավորեց հավաքականի անվտանգությունը։ Իրանցիները ստիպված էին ապրել Մեքսիկայում։ Սա, իհարկե, ամոթալի էր և հարվածեց նաև հենց ՖԻՖԱ-ի հեղինակությանը, որտեղ կազմակերպությունն անզորություն էր ցուցաբերում։ Սրանով աչքի ընկավ առաջնությունն ընդհանուր առմամբ։ Դե, հասկանալի է, բնականաբար, նաև խաղերը և դրանց ինտրիգները, անակնկալ հաջող ելույթները՝ ֆուտբոլային իմաստով համեստ և նույնիսկ շատ դեպքերում անճանաչ ու անհայտ հավաքականների կատարմամբ։
-Ինչպես գիտենք, այս առաջնությունը պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի համար վերջինն էր։ Նախ՝ ինչպե՞ս կուզեիք, որ սա ավարտվեր նրա համար, և ինչպե՞ս եք գնահատում այս տարիքում նրա խաղն ու դերը հավաքականի և երկրի համար։
-Նախ՝ նշենք, որ սա վերջինն է ոչ միայն Ռոնալդուի համար, այլև առնվազն ևս երկու ոչ պակաս լեգենդար ֆուտբոլիստների։ Օրինակ՝ գուցե Մոդրիչին հնարավոր չէ համեմատել Մեսիի և Ռոնալդուի հռչակի հետ, բայց հասկանում ենք, որ համաշխարհային ֆուտբոլի այս աստղերի՝ Մոդրիչի և Մեսիի համար նույնպես սա վերջին առաջնությունն էր։ Ռոնալդուի դեպքում, իհարկե, կար որոշակի առանձնահատկություն։ Մեսին, օրինակ, դարձել է արդեն աշխարհի չեմպիոն 2022-ին, և այս առաջնությանն ակնհայտորեն խաղում է ավելի հանգիստ, լարվածությունը չկա։ Նա արդեն ունի այդ տիտղոսը և հանգիստ է խաղում։ Ռոնալդուն դա չունի, և իր համար սա վերջին հնարավորությունն էր, որը ձախողվեց։ Այս դեպքում ես կարծում եմ, որ Պորտուգալիայի հավաքականը լիովին ունակ էր նրա համար ապահովել այդ տիտղոսը, եթե Ռոնալդուն ավելի շատ ժամանակ անցկացներ պահեստայինների նստարանին, քան խաղադաշտում։ Իմ կարծիքով, տարիքն այլևս չէր բավարարում այն պահանջներին, որ ունեին թե՛ Պորտուգալիայի հավաքականը, թե՛ առհասարակ աշխարհի առաջնության մակարդակը։ Ռոնալդուն, իմ գնահատմամբ, բալանսավորվածությունից գցում էր հավաքականին։ Թիմն ուներ շատ մեծ ներուժ, բայց տարիքով պայմանավորված՝ արագության, ճկունության հարցում նա թուլացած խաղացող էր։ Մոդրիչի պարագայում կարծում եմ, որ նա երազանք կունենար դառնալ աշխարհի չեմպիոն, բայց նա ավելի թույլ հավակնություններ ունեցող հավաքականում է։
-Դուք ո՞ւմ եք երկրպագում և ո՞ւմ եք ֆավորիտ համարում։
-Ես շատ ուզում էի, որպեսզի Պորտուգալիան նվաճեր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, և առավելապես՝ հենց Ռոնալդուն, որովհետև, իսկապես, նա լեգենդ էր, և այդ տեսանկյունից շատ ցանկալի էր, որ համալրեր աշխարհի չեմպիոնի տիտղոսակիրների շարքը։ Առանձնապես հատուկ երկրպագության թիմ չունեմ, բայց շատ հետաքրքիր կլինի՝ արդյոք Անգլիայի հավաքականը կկարողանա՞ հաղթահարել այն շեմը, որին կարծես շատ մոտենում էր նաև Նևիլի գլխավորությամբ։ Անգլիայի խաղում ավելի նկատելի է սեփական ուժերի հանդեպ վստահությունը և չեմպիոնական հոգեբանությունը։ Հետաքրքիր կլինի՝ արդյոք անգլիացիները կարո՞ղ են կատարել այդ վերջին քայլերը, որոնք կարծես թե վերջին տարիներին նրանց չէին բավականացնում, ընդ որում՝ թե՛ աշխարհի, թե՛ Եվրոպայի առաջնություններում։ Դե, մենք տեսնում ենք ֆրանսիացիների՝ գրեթե 10 տարի շատ կայուն և շատ ուժեղ հավաքականը, որը նույնիսկ առանցքային հավակնորդներից մեկն է։ Եվ նաև, կարծում եմ, շարքից դուրս թողնել պետք չէ Իսպանիային, որը շատ աղմկոտ խաղով աչքի ընկած թիմ չէ, բայց իսպանացիները կարողանում են դաշտում խնդիրներ լուծել։ Կասկածում եմ, որ Արգենտինան այս տարի ի վիճակի է համարվել հիմնական ֆավորիտ, և բավական հետաքրքիր է, իմ գնահատմամբ, Բելգիայի հավաքականը, որը, թեպետ դարձյալ իր լավագույն սերնդային փուլում չէ, բայց, այդուհանդերձ, այդ հանգամանքը գուցե նույնիսկ ավելի անկաշկանդ է դարձնում թիմին։
Լիլիթ Աբրահամյան
