Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված կենդանիներից մեկը քնեցումից չի արթնացել

Երևանի կենդանաբանական այգին հաղորդագրություն է տարածել այգում կենդանիներից մեկի քնեցումից չարթնացման վերաբերյալ

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված կենդանիներից մեկը քնեցումից չի արթնացել


ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենդանաբանական այգին հաղորդագրություն է տարածել այգում կենդանիներից մեկի քնեցումից չարթնացման վերաբերյալ։


«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Հաղորդվում է նաև, որ կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։


Նշենք, որ խոսքը նախօրեին գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված կենդանու մասին է։


Նախօրեին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։


 


Leave a Comment