Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել. ԶԼՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից քննչական գործողությունների ժամանակ տեղափոխված առյուծներից մեկը քնեցնող ներարկումից հետո չի արթնացել, հայտնել է «Փաստինֆոն»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Առյուծի անկման մասին հայտնել են նաև «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները։

Առյուծի անկման միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռևս չի ներկայացվել, և լուրն այս պահին պաշտոնապես հաստատված չէ։ Իրավապահ մարմինները հարցի առնչությամբ առայժմ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։

Armenia Today-ը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել տարածված տեղեկությունը, սակայն նյութի հրապարակման պահին պատասխան չի ստացել։

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Դրանք ճանաչվել էին որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Քննչական կոմիտեիվ պնդում են, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն դրամի վնաս։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ծառուկյանն ունեցել է կենդանիներ պահելու բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, իսկ դրանց խնամքի պայմանները համապատասխանել են սահմանված նորմերին ու հանդիսացել լավագույններից մեկը երկրում։ Որպես օրինակ նա հիշեցրել է տարիներ առաջ Երևանի կենդանաբանական այգուն առյուծի ձագ նվիրելու փաստը, ինչը պահանջել էր երկարատև թղթաբանական գործընթաց, և վստահեցրել, որ բոլոր կենդանիների փաստաթղթերը միշտ կարգին էին։

Leave a Comment