Ղազախստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին հրապարակել է որոշում, ըստ որի՝ երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իրավունք ունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։
Դատարանի պարզաբանմամբ՝ նոր սահմանադրության պայմաններում նախագահի պաշտոնում ընտրվելը դիտարկվում է որպես առաջին, ինչը փաստացի զրոյացնում է Տոկաևի նախագահական ժամկետը, որը նախկին օրենսդրությամբ պետք է ավարտվեր 2029 թվականին։
Այս իրավական հնարավորությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ մարտ ամսին անցկացված հանրաքվեի արդյունքում քաղաքացիների 87%-ը հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին։
Տոկաևը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք 1995 թվականի սահմանադրությամբ պաշտոն զբաղեցրած անձինք կարող են առաջադրվել նոր սահմանադրության ներքո։
Դատարանը տվել է դրական պատասխան՝ հիմնավորելով, որ նոր օրենսդրության մեջ չկա նախկին նախագահական ժամկետները հաշվի առնելու սահմանափակում։
Այսպիսով, գործող նախագահը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններին, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին երկրում սահմանվել էր նախագահի պաշտոնավարման մեկ՝ յոթնամյա ժամկետ։
