Դատարանից որևէ ակնկալիք չունեմ, պայքարում եմ արդարացման համար. Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, 24News-ի հետ զրույցում անդրադառնալով իր գործի քննությանը, հայտնել է, որ դատավարությունը մոտենում է ավարտական փուլին։

Նրա խոսքով՝ այսօրվա նիստում նախատեսում է հանդես գալ հակադարձ ելույթով, որից հետո, ամենայն հավանականությամբ, կհնչեն պաշտպանական ճառերը և ամբաստանյալների վերջին խոսքը։

«Դատարանից որևէ ակնկալիք չունեմ։ Գործն իրականում ավարտական բնույթ է կրում։ Այսօր, եթե որևէ բան չփոխվի, պետք է հակառեպլիկով հանդես գամ։ Հետո, երևի, կմնան պաշտպանական ճառերն ու վերջին խոսքերը, և այս փուլը կավարտվի»,- ասել է Տոնոյանը։

Հարցին, թե իշխանափոխության դեպքում դատարանից այլ ակնկալիքներ կունենա՞ր, Տոնոյանը պատասխանել է, որ ոչ մի պարագայում սպասելիքներ չունի։

«Ես երկու պարագայում էլ ակնկալիք չունեմ՝ ոչ դրական, ոչ բացասական։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դատական գործընթացում ինչքան կոմպետենտություն կդրսևորվի»,- նշել է նա։

Միաժամանակ նախկին նախարարը շեշտել է, որ շարունակում է պայքարել մինչև վերջ՝ արդարացման դատավճռի համար։

«Ես մինչև վերջ պայքարում եմ, որպեսզի արդարացման որոշում կայացվի։ Անձամբ դրա համար եմ պայքարում, և բոլորս էլ դրա համար ենք պայքարում։ Մեղադրանքը հաստատող ապացույցներ գոյություն չունեն»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը։

Leave a Comment