Բրոնզե դարից մինչև 1950-ականները. Տիրին կատարի «12 բանդ» հնադարյան ջրանցքի պատմությունը․ «Հայագիտակ»

Տիրին կատարի պեղումների ժամանակ հնագետների ուշադրությունը գրավել է վաղ բրոնզեդարյան մի ջրանցք, որի ջրերով ժամանակին ոռոգվել են Արագածի շրջակա գյուղերի արտերն ու այգիները։

Ինչպես պատմում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռաֆիկ Գաբրիելյանը, Ամբերդաձորի արևմտյան լանջին հայտնաբերված այս ոռոգման համակարգը կոչվել է «12 բանդ» կամ «12 առու»։ Առուները սարի լանջով անցկացվել են աստիճանաձև, ինչը հնարավորություն է տվել այնտեղ զարգացնել դարավանդային բուսաբուծություն։

Հնադարյան այս ջրանցքը գործել է մինչև 20-րդ դարի 50-ական թվականները։ Դրանից հետո կառուցվել է նոր՝ ժամանակակից ջրանցք, և «12 բանդն» այլևս ջուր չի հասցրել Աշտարակի գյուղերին։

Այսօր բրոնզեդարյան այս կառույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ հայ, թե՛ արտասահմանցի գիտնականների շրջանում և հնագիտական մեծ արժեք է ներկայացնում։

Leave a Comment