Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրել է.
«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց, չնշեց։
Լուսադեմին թշնամին վերստին հարձակվեց: Ջիվանը, Կոլյան (Նիկոլայ Հայրապետյանը) և Վարդանը (Վարդան Տերտերյանը) դիրքավորվեցին բլրի լանջին, իսկ մյուսները` իրարից 10-12 մետր հեռավորությամբ, գրավեցին տարբեր դիրքեր: Բլրի գոգավորությունն այնպիսին էր, որ դիրքավորված ժամանակ տղաները միմյանց չէին տեսնում: Քիչ անց հեռվում երևաց թշնամու առաջի զրահատեխնիկան: Առանց վայրկյան կորցնելու Արմենը զեկուցեց Ջիվանին: Նա կարգադրեց պատրաստ լինել և սպասել իր հրամանին: Հրամանը առաջին կրակոցն էր լինելու:
Երբ մարտն ավարտվեց, բոլորը վազեցին այնտեղ, որտեղ դիրքավորվել էին Ջիվանն ու նրա ընկերները: Տղաները զոհվել էին: Հակառակորդի հարձակումն այդ օրը կասեցվեց նրանց անձնվիրության և հերոսության շնորհիվ: Զոհվելու պահին նա 30 տարեկան էր։
Նույն օրը երեկոյան Ջիվան Աբրահամյանի, Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի աճյունները ուղղաթիռով տեղափոխեցին Երևան: 1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով Ջիվան Աբրահամյանին հետմահու շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչում:
Հերոսական ծնունդդ շնորհավոր, Ջիվան ջան։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ….»: