Հիվանդության հիմքով պատժից ազատման կարգը կհստակեցվի

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է վերանայել հիվանդության հիմքով պատժից ազատման և պատժի նշանակման հետաձգման ընթացակարգերը։ Նախագծով նախատեսվում է հստակեցնել բժշկական և հոգեբուժական հանձնաժողովների եզրակացությունների կիրառման կարգը, ուժեղացնել հիվանդության հիմքով պատժից ազատված անձանց նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կարգավորել պրոբացիայի ծառայության լիազորություններն ու մասնագիտացված դատարանների ընդդատության հետ կապված իրավական հարցերը։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. Քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և նշանակում է պատիժ:

2. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժը կատարելը, ապա դատարանը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

3. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատաբժշկական փորձաքննության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը պատիժ է նշանակում:

4. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ կրելը, ապա դատարանը դատաբժշկական փորձաքննության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ պարբերականությամբ: (…)»: Վերը մեջբերված կարգավորումներից պարզ է դառնում, որ օրենսդիրը հստակ տարանջատել է հիվանդության հիմքով պատժից ազատելու և պատժի նշանակումը հետաձգելու ինստիտուտները՝ տարանջատման հիմքում դնելով առողջության խնդրի ի հայտ գալու պահը։ Մասնավորապես, այն դեպքերում, երբ առողջության խնդիրն ի հայտ է գալիս մինչև դատավճիռ կայացնելը, պատժի նշանակումը հետաձգվում է, իսկ եթե խնդիրն ի հայտ է գալիս դատավճիռ կայացնելուց հետո, ապա դատապարտյալն ազատվում է դատավճռով նշանակված պատժից։ Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ թե՛ պատժի նշանակումը հետաձգելու, թե՛ պատժից ազատելու հիմքի առկայությունը որոշելու համար սահմանվել է դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու կարգ։ Հիվանդության հիմքով պատժից ազատելու հիմքի առկայությունը որոշելու կարգի, այն է՝ դատաբժշկական կամ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու իրավաչափության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձ է կատարել Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ իր 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ ԵԴ1/0288/13/23 որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը․ «(…) [Պ]ատժից ազատելու հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ, և (…) հիվանդության հետևանքով պատժից ազատելու հարցը քննարկելու վերաբերյալ իրավասու մարմնի կամ այլ պատշաճ սուբյեկտի կողմից համապատասխան միջնորդությունը դատարան է ներկայացվում՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Ընդ որում, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովի ստեղծման կարգն ու լիազորությունները՝ այդ թվում, հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տալու, նախատեսված են ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումներով։ Այսպիսով, ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը՝ որպես պատժի կատարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտ, սահմանում է հիվանդության հետևանքով պատժից ազատելու կարգը, այդ թվում՝ միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին, միջնորդության ներկայացման ժամկետները և միջնորդությանը կցվող նյութերը։ Իսկ ՀՀ Կառավարության կողմից ընդունված վերոնշյալ որոշումները՝ որպես քրեակատարողական օրենսդրության բաղկացուցիչ մաս կազմող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, մանրամասնում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովների կազմավորման և գործունեության առանձնահատկությունները։ 25.2. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ՝ 87-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ պատժից ազատելու հարցը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու կարգն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումներով, ապա պատժի կատարման փուլում դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հարցը որևէ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չէ։ Թեև փորձաքննություն նշանակելը՝ որպես ապացուցողական գործողություն, նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, սակայն քրեադատավարական կանոնները պատժի կատարման փուլում կիրառման ենթակա չեն։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթն ավարտվում է`

1) քրեական վարույթը կարճելու մաuին որոշումն ուժի մեջ մտնելով.

2) եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելով, եթե այն կատարման հանձնելու համար հատուկ միջոցների ձեռնարկում չի պահանջվում. 3) եզրափակիչ դատական ակտը կատարման հանձնելով»:

Վերոշարադրյալ քրեադատավարական նորմն ուղղակիորեն սահմանում է քրեական վարույթի ավարտման պահը՝ հստակ նախատեսելով, որ դատական ակտի կատարումը քրեական դատավարության փուլ չէ, քանի որ քրեական վարույթն ավարտվում է եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելով կամ այն կատարման հանձնելով (եթե դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել հատուկ միջոցներ)։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատական վարույթի այլ պայմանները սահմանող՝ 36-րդ գլխում, ի թիվս այլնի, սոսկ ամրագրվել են միայն վարութային բնույթ ունեցող առանձին դրույթներ, ինչպիսիք են դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը (281-րդ հոդված), դատավճիռը կատարման հանձնելը (282-րդ հոդված), ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի անհստակությունների լուծումը (283-րդ հոդված)։ ՀՀ գործող քրեադատավարական կարգավորումների ուժով դատական ակտերի կատարման փուլը դուրս է մնացել քրեական վարույթի շրջանակից, քանի որ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հիմնավորման համաձայն՝ լուծված սկզբունքային խնդիրներից մեկը հենց քրեական դատավարության կարգավորման առարկայի ճշգրտումն էր, մասնավորապես՝ քրեական դատավարության բաղկացուցիչ մաս չկազմող՝ քրեակատարողական ոլորտին վերաբերող դրույթների դուրսբերումը քրեական դատավարության օրենսգրքից: Հետևաբար, դատական ակտի կատարման փուլում ծագած՝ հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցի քննարկումը դուրս է քրեական վարույթի, ուստի և քրեական դատավարության կարգավորման առարկայի շրջանակից, և դրա նկատմամբ կիրառելի չեն փորձաքննություն նշանակելու վերաբերյալ քրեադատավարական կարգավորումները:

25.3. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիվանդության հետևանքով պատժից ազատելու կարգի նկատմամբ կիրառելի են քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու վերաբերյալ կարգավորումները։ (…)» : Վերոգրյալի պայմաններում և հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում՝ դրանք համապատասխանեցնելով Քրեակատարողական և Քրեական դատավարության օրենսգրքերի կարգավորման առարկաների տարանջատման տրամաբանությանը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ դատարանը պատիժը կրելուց ազատում է համապատասխանաբար հոգեբուժական կամ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։

1․2․ Բացի այդ, հարկ է արձանագրել, որ թեև Քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ նույն հոդվածով նախատեսված դեպքերում անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում վեց ամիսը մեկ պարբերականությամբ, այնուամենայնիվ, առկա կարգավորումների պայմաններում հստակ չէ, թե՝ 1) գործնականում ինչպես պետք է կատարվի նշված պահանջը, 2) արդյոք վեց ամիսը մեկ պարբերականությամբ քննության ներկայանալը դատապարտյալի պարտականությունն է, 3) որ մարմինը պետք է վերահսկողություն իրականացնի պատժից ազատված կամ պատժի նշանակումը հետաձգված անձի վարքագծի նկատմամբ, 4) ինչ արձագանք պետք է տա վերահսկողություն իրականացնող մարմինն այն դեպքերում, երբ անձը չի ներկայանում քննության։ Հարկ է նշել, որ նշված հարաբերությունները որոշ չափով կարգավորված են «Պրոբացիայի մասին» օրենքի 6-րդ գլխով, սակայն որոշ ոչ հստակ ձևակերպումների արդյունքում գործնականում առաջանում են տարընկալումներ, ուստի առկա է իրավական որոշակիության ապահովման անհրաժեշտություն։ Հետևաբար՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածում և «Պրոբացիայի մասին» օրենքի 6-րդ գլխի վերտառությունում 24-րդ, 27-րդ հոդվածներում, այդ թվում՝

1) սահմանելով, որ պատժից ազատելու կամ պատժի նշանակումը հետաձգելու մասին որոշում կայացվելու դեպքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ սահմանված՝ վեց ամիսը մեկ պարբերականությամբ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովին ներկայանալու պարտականությունը,

2) հստակեցնելով, որ Պրոբացիայի ծառայությունը վերահսկողություն է իրականացնում ոչ միայն հիվանդության հիմքով պատժի նշանակումը հետաձգված, այլ նաև նույն հիմքով պատժից ազատված անձանց նկատմամբ,

3) ամրագրելով, որ Պրոբացիայի ծառայության և առողջության առաջնային պահպանման համապատասխան հաստատության կամ մասնագիտացված բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատության միջև փոխգործելիության նպատակը ոչ միայն պրոբացիայի շահառուի բժշկական օգնության և սպասարկման ապահովումն է, այլ նաև անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից վեց ամիսը մեկ պարբերականությամբ քննության առնելը,

4) հստակեցնելով, որ պրոբացիայի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն և հինգ օրվա ընթացքում պատժի կրման նշանակման հետաձգումը վերացնելու և պատիժ նշանակելու կամ պատժից ազատումը վերացնելու և դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում ոչ թե պարզապես հիվանդության բուժման կամ պրոբացիայի շահառուի առողջական վիճակի կայունացման կամ բարելավման մասին տեղեկություններ ստանալու դեպքում, այլ այդպիսի տվյալներ պարունակող բժշկական կամ հոգեբուժական եզրակացություն ստանալու դեպքում,

5) ամրագրելով, որ պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` վեց ամիսը մեկ պարբերականությամբ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովին ներկայանալու պարտականության խախտման դեպքում համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել Պրոբացիայի ծառայությանը, իսկ Պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականության կատարման ապահովման ուղղությամբ:

1․3․ Քրեակատարողական օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանվել են պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների ընդդատության վերաբերյալ կարգավորումներ։ Այսպես, նշված հոդվածի համաձայն՝ «1. Դատապարտյալը, ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունի բողոքարկելու պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց (սույն գլխում այսուհետ՝ պաշտոնատար անձինք) գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը՝ վերադասության կարգով կամ համապատասխանաբար պատժի կրման վայրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (սույն գլխում այսուհետ՝ դատարան)՝ ըստ պատժի կրման վայրի: (…)»։ Նույն օրենսգրքի 155-րդ հոդվածով սահմանվել են դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի ընդդատության վերաբերյալ կարգավորումներ։ Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն՝ «1. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

2. Եթե դատական ակտն ի կատար է ածվում ակտը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է դատական ակտի կատարման վայրի դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում կարգադրության պատճենն ուղարկվում է դատական ակտը կայացրած դատարան:

3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերյալ դատավճռի կատարումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման հետաձգումը վերացնելու և դատապարտյալին պատժի կրման ուղարկելու վերաբերյալ հարցերը լուծում է դատապարտյալի բնակության վայրի առաջին ատյանի դատարանը: 4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժներից ազատելու վերաբերյալ հարցերը լուծում է համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի: 5. Պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող և սույն հոդվածի 1-4-րդ մասերով չնախատեսված հարցերը լուծում է համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատժի կրման վայրի:»։

Վերը մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է Առուշ Առուշանյանի վերաբերյալ իր 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ ՍԴ3/0015/13/24 որոշմամբ՝ իրավական դիրքորոշում հայտնելով առ այն, որ կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթներով կայացված եզրափակիչ դատական ակտերի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։ Հիշյալ որոշմամբ արձանագրվել է․ «(…) [Օ]րենսդիրը տարանջատել է ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների իրավասությունն առարկայական ընդդատության չափանիշով՝ սահմանելով այս դատարաններից յուրաքանչյուրին ենթակա գործերի շրջանակը։ Այլ կերպ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (քրեական մասնագիտացման դատավորներին), ու մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի տարանջատման ելակետը՝ ենթադրյալ հանցավոր արարքի բնույթն է։ Այս տարանջատման առնչությամբ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունված ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունով, ինչը հատուկ կարևորվել էր Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշմամբ։ Նշված հիմնավորման համաձայն՝ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու կարևորագույն փաստարկներից մեկը՝ մասնագիտացվածության ապահովումն է, մասնավորապես՝ կոռուպցիոն գործերով արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով ոլորտային մասնագիտացմամբ դատական կազմ ունեցող դատարանի ստեղծումը՝ հաշվի առնելով ֆինանսական տարբեր գործարքների ու կոռուպցիոն բարդ սխեմաների առանձնահատկությունները։ Վերոշարադրյալի հաշվառմամբ էլ օրենսդիրը կոռուպցիոն գործերով թե´ արդարադատության, և թե´ դատական իշխանության այլ գործառույթների (մասնավորապես՝ դատական երաշխիքների վարույթի) իրականացումը վերապահել է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններին։ 16. Կոռուպցիայի դեմ պայքարի քրեական քաղաքականությունը, ի թիվս այլնի, ենթադրում է համապատասխան պատժողական քաղաքականության ձևավորում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ մասնագիտացված պայքարի նպատակի համատեքստում կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներից զատ այդ վարույթներով կայացված դատական ակտերն ի կատար ածելու, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ծագող հարցերը ևս պետք է ընդդատյա լինեն մասնագիտացված` հակակոռուպցիոն դատարանին՝ ապահովելով դատական ակտի կատարման փուլում ծագող հարցերի լուծումը մասնագիտացված դատական կազմի կողմից։ (…)» ։ Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները և նկատի ունենալով, որ Քրեակատարողական օրենսգրքի մեջբերված նորմերն առարկայական ընդդատության մասով չեն համապատասխանում մասնագիտացված դատարաններ ստեղծելու նպատակի հետ, առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել Քրեակատարողական օրենսգրքի 121-րդ և 155-րդ հոդվածներում։ 2․ Ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունմամբ Քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը կհամապատասխանեցվեն Քրեակատարողական և Քրեական դատավարության օրենսգրքերի կարգավորման առարկաների տարանջատման տրամաբանությանը։ Մասնավորապես, կսահմանվի, որ դատարանը պատիժը կրելուց ազատում է համապատասխանաբար հոգեբուժական կամ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Բացի այդ, կհստակեցվեն հիվանդության հիմքով պատժից ազատված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ իրավական նորմերը, կկարգավորվեն անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից վեց ամիսը մեկ պարբերականությամբ քննության առնելու հետ կապված գործնական հարցերը։ Բացի այդ, Քրեակատարողական օրենսգրքի 121-րդ և 155-րդ հոդվածներն առարկայական ընդդատության մասով կհամապատասխանեցվեն մասնագիտացված դատարաններ ստեղծելու նպատակի հետ։

 Նախագծերի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից։

4․ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․ Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի թիվ 452-Ն որոշմամբ հաստատված Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգում։ 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները և ՀՀ վարչապետի հանձնարարականից, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

Leave a Comment