Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում քննարկվել է տարեկան հաղորդումների պատրաստման միջազգային փորձը։ Հուլիսի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում ներկայացվել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների տարեկան հաղորդումների պատրաստման միջազգային փորձին նվիրված ուսումնասիրությունը, որի նպատակն է նպաստել հաղորդումների որակի, բովանդակության և ազդեցության բարձրացմանը։
Ուսումնասիրությունը պատրաստվել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից՝ միջազգային փորձագետներ Միրա Կայզերի և Ջոշ Օունսթեդի մասնակցությամբ։ Ներկայացման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների տարեկան հաղորդումների պատրաստման մոտեցումները, կառուցվածքը, բովանդակությունը, հասանելիության ապահովման և տարածման մեխանիզմները, ինչպես նաև այդ հաղորդումների խորհրդարանական քննարկումների միջազգային փորձը։
Քննարկումը հատկապես կարևոր է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես մարդու իրավունքների ազգային հաստատության, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան հաղորդումների հետագա զարգացման և միջազգային լավագույն փորձի կիրառման տեսանկյունից։
