
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք կապահովեն տեխնոլոգիական զարգացումը՝ արտադրական գործընթացների օպտիմալացման, թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման և տվյալների վերլուծության շնորհիվ։ Այս մոտեցումը, բարձրացնելով ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի տեխնոլոգիաների փոխանցումը և պայմաններ կստեղծի բարձրարժեք արտադրանքի թողարկման համար։ Մեր նորարարական զարգացման ռազմավարությունը կապահովի կայուն աճ՝ հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական միտումների հետ ինտեգրումը, և հնարավորություն կտա մեր երկրին արժանի տեղ զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզում։ Վերջին շրջանում իրականացված լայնածավալ ներդրումները վկայում են մեր երկրի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ ընկալման աճի մասին»,- նշել է նա։