Իոաննիսյանը դատական հայց է ներկայացրել Արման Թաթոյանի դեմ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանի դեմ։

Իոաննիսյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Թաթոյանին հերքել հայտարարությունը, որը, ըստ նրա, զրպարտություն է։ Հայցի առիթը եղել է հեռուստաբանավեճի ընթացքում արված հայտարարությունը, համաձայն որի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն (ներառյալ՝ «Փաստերի ստուգման հարթակը») և Դանիել Իոաննիսյանը հրապարակել են կեղծ ձայնագրություն։

Իոաննիսյանը պահանջում է նաև փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին։

Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆո»-ն։

Leave a Comment