Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի թաղման արարողությանը, որն սպանվել էր Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների վերջին պատերազմի ժամանակ։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, որին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է որդին, արդեն երեք օր է ընթանում է Թեհրանում: Դրան մասնակցել են Խամենեիի մյուս երեք որդիները՝ Մոստաֆան, Մասուդն ու Մեյսամը։
CNN-ն էլ գրում է, որ այն փաստը, որ Մոջթաբա Խամենեին մինչ օրս չի մասնակցել հոր հրաժեշտի արարողությանը, հարցեր է առաջացնում նրա առողջական վիճակի, ինչպես նաև այն հարցի վերաբերյալ, թե ով է ներկայումս ղեկավարում Իրանը։
Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր փետրվարի 28-ին՝ պատերազմի մեկնարկի օրը, երբ նույն պահին սպանվել էին նրա հայրը և ընտանիքի մի քանի այլ անդամներ: Արևմտյան լրատվամիջոցներն ապրիլին, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ Ալի Խամենեիի որդին և իրավահաջորդը գտնվում է ծանր վիճակում: Իրանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են Մոջթաբա Խամենեիի վիրավոր լինելու փաստը, սակայն հայտարարել, որ նա «իրեն լավ է զգում»:
Պատերազմի մեկնարկից ի վեր Մոջբաթա Խամենեին չի հայտնվել լայն հանրությանը։ Սակայն Axios-ը ապրիլի սկզբին գրել էր, որ նա «ակտիվորեն մասնակցում է» մարտական գործողությունները դադարեցնելու շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններին։
Ընդ որում, ըստ պարբերականի, իբր, Խամենեին պահպանել է գաղտնիության ամենախիստ միջոցները՝ սուրհանդակների միջոցով փոխանցելով իր կարգադրությունների մասին նշումները։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter