Բացի խնդիրներից ինչ է տալիս մեզ մանդատը․ Կարապետյանն արձագանքել է քննադատություններին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն արձագանքել է մանդատները վերցնելու որոշումից հետո դաշինքի հասցեին հնչող քննադատություններին։

Այն պնդումները, թե ընդդիմությունը պայքարում էր մանդատների համար, Կարապետյանը վիրավորական է անվանել՝ նշելով, որ մանդատները միայն խնդիրներ են ստեղծում դրանք ստացած անձանց համար։ Դրա վկայությունն են, ըստ նրա, դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումներն ու այն պայքարը, որն ստիպված են լինում մղել։

«Մանդատը մեզ ի՞նչ է տալիս։ Ինձ ի՞նչ է տալիս։ Իմ ընկերներին ի՞նչ է տալիս։ Բացի պայքարից, բացի պրոբլեմներից, բարդ, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով պրոբլեմներից, ի՞նչ է տալիս մանդատը, հետաքրքիր է։ Ասեք՝ մենք էլ իմանանք, է՛լի։ Վիրավորական է, շատ վիրավորական է այս մոտեցումը։ Այսինքն՝ մենք մի տարի բոլոր պրոցեսների միջով անցնենք, այս ամբողջ խնդիրների միջով անցնենք, ձեզ մոտ այն վստահությունը չլինի՞, որ մտածված ենք սա անում»,- հայտարարել է Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ շատ մարդիկ հանուն քաղաքական պայքարի թողել են իրենց գործը, բիզնեսն ու մասնագիտությունը։ Կարապետյանի խոսքով՝ այդտեղ վայելելու բան չկա, քանի որ մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր։

Կարապետյանը նաև հավելել է, որ մանդատները վերցնելն ամենևին չի նշանակում, թե ընդդիմությունը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը։ Նա շեշտել է, որ լեգիտիմության մասին խոսք լինել չի կարող ընտրություններից առաջ շտաբների ներկայացուցիչների ձերբակալություններից հետո։

«Ընտրությունից մեկ օր առաջ մի քանի հարյուր հոգի շտաբերից, այս մարդիկ, օտարերկրյա կառույցների ծափերի տակ կալանավորեցին, ոչ մեկը ծպտուն չհանեց։ Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը»,- ասել է նա։

Նրա ձևակերպմամբ՝ միջազգային գործընկերներն աչք են փակում Հայաստանում լեգիտիմության խնդիրների վրա, քանի որ գործող իշխանություններին «քարտ-բլանշ» են տվել։

«Իրենց քարտ-բլանշ է տված, որ իրենք Հայաստանը սարքեն աշխարհաքաղաքական ևս մի հակառակորդ երկիր՝ մեծ երկրներին, ևս մեկ Ուկրաինա։ Դրա համար իրենք աչք են փակելու Հայաստանում լեգիտիմության հարցերի շուրջ։ Մենք դա լավ գիտենք»,- նշել է Կարապետյանը։

Leave a Comment