
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացվում, հայտնում է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Մանրմասներ առայժմ չեն հաղորդվում, իրավապահները ևս հաղորդագրություն առայժմ չեն տարածել:
Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ:
ԿԸՀ-ից «Ազատությանը» փոխանցել էին, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո՝ «պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»:
Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:
Ծառուկյանի խոսնակը նաև հայտնել էր, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում տարատեսակ հարկային ստուգումներ են տեղի ունենում:
Դեռևս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտի» գործարանը պետականացնելու մասին, այնուհետև շարունակել էր այդ ցանկը՝ հասնելով Ծառուկյանի առանձնատանը: Վարչապետն իր քաղաքական մրցակցի գործարանը համարում էր նրա «բիզնես ողնաշարը», «մաֆիա» էր անվանում Ծառուկյանին ու նրա խնամիներին և սպառնում, որ շատ արագ կլուծվի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը՝ այնպես, ինչպես եղավ մյուս մրցակցի՝ Սամվել Կարապետյանի էլցանցերի դեպքում: ԲՀԿ առաջնորդն էլ պատասխանել էր, թե «իրեն դրանով չեն վախեցնի»:
Գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, թե 2000-ականների սկզբին «Արարատ ցեմենտի» գործարանը խախտումներով է մասնավորեցվել: