Թուրքիան հրապարակել է Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեմաները

Եվրատլանտյան տարածաշրջանին, Ուկրաինային և ՆԱՏՕ-ի հարավային թևին սպառնացող վտանգներն ու մարտահրավերները կլինեն հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։

«Գագաթնաժողովում՝ համապարփակ մոտեցման շրջանակներում, կգնահատվեն պաշտպանական բյուջեների ավելացման որոշմանը համապատասխան ձեռնարկված քայլերը, ինչպես նաև Դաշինքի ջանքերը զսպման և պաշտպանության ոլորտում։ Բացի այդ, առաջնորդների մակարդակով, ռազմավարական համատեքստում, տեղի կունենա կարծիքների փոխանակում Եվրատլանտյան տարածաշրջանի առջև ծառացած սպառնալիքների, ռիսկերի և մարտահրավերների վերաբերյալ։ Կքննարկվեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և ՆԱՏՕ-ի հարավային թևում վերջին զարգացումները», – գրել է Դյուրանը X-ում։

Հուլիսի 8-ին կկայանա Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը՝ դաշնակից երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հուլիսի 7-ին Թուրքիայի առաջնորդը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը, նախագահական համալիրում ընդունելության և ընթրիքի ժամանակ կողջունեն պետությունների և կառավարությունների ղեկավարներին և նրանց տիկնանց:

Leave a Comment