Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալները նվազել են մինչև պատմական նվազագույնը. ԶԼՄ

Օմանի ափերի երկայնքով Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ հանգստյան օրերին մի քանի նավայդ շրջանում փոխել են իրենց ուղղությունը, հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ հուլիսի 3-ին և 4-ին առնվազն ութ նավ, որոնք շարժվում էին Օմանի ափով, անսպասելիորեն փոխել են ուղին։

Դրանցից չորսը փոխել են ընթացքը և նեղուցից դուրս եկել Իրանի ափերի երկայնքով անցնող երթուղով։

Ուղղությունը փոխած նավերի թվում եղել են նավթատար տանկերներ, բալկերներ և ավտոփոխադրող նավեր։

Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ հուլիսի 4-ին նեղուցը երկու ուղղություններով հատել է 19 նավ, սակայն դրանցից միայն մեկն է բացահայտ հայտարարել Օմանի երթուղով անցնելու մասին (հուլիսի 3-ին այդ երթուղով անցել էր 13 նավ)։

Գործակալությունը նշում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ չեն ստացվել։ Այդուհանդերձ, Թեհրանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ նավերը նեղուցով պետք է անցնեն բացառապես Իրանի կողմից հաստատված երթուղիներով, գրել է պարբերականը։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։ Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։

Լարվածությունը սրվել էր վերջին օրերին Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ զարգացումների և ԱՄՆ-ի ու Իրանի փոխադարձ հարվածների ֆոնին։ ԱՄՆ-ն նոր հարվածներ էր հասցրել Իրանի թիրախներին, Թեհրանը պատասխանել էր ԱՄՆ ուժերի հետ կապված օբյեկտների ուղղությամբ հարվածներով։

Leave a Comment