Բրիտանական բանակի ամենախոշոր կայազորի գաղտնի ռազմական փաստաթղթերը հայտնաբերվել են մոտակա աղբավայրում, ինչի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարները հետաքննություն են իրականացնում։
«Սան» թերթը հայտնում է, որ իրադարձությունը վերաբերում է Անգլիայի հյուսիսում՝ Յորքշիր կոմսությունում գտնվող Քաթերիկ կայազորին, որտեղ տեղակայված է ավելի քան 10 հազար զինծառայող, և որը ծառայում է որպես բազա թագավորական հրետանու 5-րդ գնդի ու 32-րդ ինժեներական գնդի համար։
Ըստ հրապարակման՝ դեն նետված փաստաթղթերում առկա են զինվորականների անուններն ու կոչումները, բազայում պահվող զենքի և պահակախմբի հերթափոխի վերաբերյալ տեղեկություններ, անվտանգության կանոնների խախտումների տվյալներ, ինչպես նաև տագնապի ազդանշաններին արձագանքման արձանագրություններ։ Թղթերի մեծ մասը թվագրված են 2018, 2021 և 2023 թվականներով։