2026 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրամադրվի բարձր մարզական նվաճումներ ունեցող մի շարք մարզիկներ

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» նախագիծը։ 

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների կտրամադրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում։

Ինչո՞ւ է առաջարկվում տարկետում տրամադրել

Նախագծի հիմնավորման համաձայն՝ մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Կառավարության գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը նպաստում է սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:

Ո՞վ կարող է օգտվել տարկետումից

Անհրաժեշտություն է առաջացել կազմել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման պահանջները։

Ընթացիկ իրավիճակը

Միջազգային մրցումներին մարզիկների մասնակցությունը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետում  չստանան։

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային  զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Որոշման ընդունումը խթանելու է՝

  • Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը,
  • հնարավորություն է ստեղծելու մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու,
  • ինչպես նաև միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար:

Leave a Comment