ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը»։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական աջակցության նոր ծրագիր, որի նպատակն է օգնել ջերմատնային տնտեսություններին հաղթահարել արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները և ապահովել արտադրության շարունակականությունը։
Ո՞րն է անհրաժեշտությունը
Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի ընդունումը պայմանավորված է հանրապետության ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների, ծաղիկների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին արտահանման սահմանափակումների արդյունքում արտադրության շարունակականությունն ապահովելու նպատակով ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորությունների ստեղծման և մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ:
Ի՞նչ խնդիր է առաջացել
Հայաստանի Հանրապետության ջերմատնային տնտեսություններում արտադրվող լոլիկի, վարունգի, պղպեղի, ծաղիկների, ելակի զգալի մասը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և Ռոսսելխոզնադզորի կողմից բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառված արտահանման սահմանափակումների արդյունքում ջերմատնային տնտեսությունները կրում են ֆինանսական կորուստներ։
Չնայած այլ երկրների շուկաներ արտահանման հնարավորությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, այնուամենայնիվ, ներկայումս հնարավոր չի լինում ապահովել արտադրված ամբողջ արտադրանքի իրացումը ակնկալվող գների սահմաններում։ Հաշվի առնելով, որ ջերմատներում մշակաբույսերի մշակության ցիկլը հնարավոր չէ դադարեցնել, ուստի արտադրության շարունակակունությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ են հասանելի ֆինանսական ռեսուրսներ։
Հարկ է նշել, որ հիմնականում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսությունները ունեն 1 հա և ավելի մակերես, արտադրության ծավալները մեծ են և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված արտադրությունը առավել ծախսատար է (հիդրոպոնիկ համակարգ, ավտոմատ կլիմայի կառավարման համակարգ և այլն), ինչպես նաև արտադրանքը հիմնականում արտահանվում է։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ վերջին ժամանակներում հնարավոր չի եղել իրականացնել արտադրված ամբողջ արտադրանքի իրացում, քանի որ նոր շուկաներում պայմանավորվածությունների ձեռքբերումը և մեծ ծավալով արտադրանքի իրացումը հնարավոր չէ իրականացնել կարճ ժամանակահատվածում, արդյունքում չեն ստացվել ակնկալվող եկամուտները, որոնց միջոցով պետք է ապահովվեր արտադրության բնականոն ընթացքը։ Հարկ է նկատի ունենալ, որ անհրաժեշտ պարարտանյութերի, սերմերի, սածիլների պատվերները կատարվում են նախապես՝ մի քանի ամիս առաջ և կանխավճարով, ուստի ներկայումս ֆինանսական ռեսուրսների բացակայությունը կարող է հանգեցնել ջերմատնային տնտեսությունների հետագա գործունեության դադարեցման։
Ի՞նչ աջակցություն է ակնկալվում
Հաշվի առնելով, որ ջերմատնային տնտեսությունների գործունեությունը և դրանց զարգացումը ունի կարևոր նշանություն բուսաբուծության ոլորտի համար, ուստի ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է աջակցել դրանց արտադրական գործունեության անխափան իրականացմանը՝ վարկային ռեսուրսների ներգրավման միջոցով։ Հիմք ընդունելով, այն, որ միջինում 12 ամսվա ընթացքում ջերմատնային տնտեսությունների գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սպառման, հարկերի, աշխատավարձերի, պարարտանյութերի, սածիլի և սերմերի համար կատարվող միջինացված ծախսերը կազմում են շուրջ 100 մլն դրամ գումար, ապա յուրաքանչյուր մեկ հեկտար ջերմատնային տնտեսության համար տրամադրվող վարկի առավելագույն գումարը սահմանվել է ոչ ավել քան 100 մլն դրամը։
Կարևոր է․ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով նախատեսվել են պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ջերմատնային տնտեսությունների կառուցման նպատակով լիզինգի և տրամադրված վարկերի մարման ժամկետների երկարաձգումներ և արտադրանքի արտահանման փոխհատուցումներ, որոնք չեն կարող լիարժեք հնարավորություն ստեղծել արտադրական գործընթացների շարունակականության ապահովման համար։
Համաձայն նախնական գնահատականների ծրագրի շրջանակներում կարող են հայտ ներկայացվել շուրջ 400 հա ջերմատնային տնտեսությունների տնտեսավարողների կողմից և ծրագրի վարկային պորտֆելը կարող է կազմել 40 մլրդ դրամ։
Ո՞վքեր կարող են օգտվել
Նախագծով հաստատվող Ծրագրից կարող են օգտվել 1 հա և ավել մակերեսով ջերմատնային տնտեսություն տնօրինող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ովքեր 2026 թվականի ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։ Շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ներգրավելու համար։
Աջակցությունը տրամադրվում է ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով:
Վարկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ՝ հետևյալ ուղղություններով՝
1) սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով վճարներ,
2) պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ,
3) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,
4) պարարտանյութերի, սերմերի, սածիլների ձեռքբերման (ձեռքբերումը պետք է իրականացվի ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություններից) վճարումներ։
Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոս տոկոսային կետով։
Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 18 ամիս։
Վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 12 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 12 ամիս հետո)։
Յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կազմում է ոչ ավել քան 100․0 մլն դրամ գումարը։
Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից:
Վարկի ներգրավման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որն այդ նպատակով դիմում է ֆինանսական կառույցին՝ դիմումին կցելով 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք, ջերմատնային տնտեսության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ջերմատնային տնտեսությունների գործունեության շարունակականությունը և բարձրացնել արտադրողականությունը։
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունման արդյունքում 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում, իսկ 2027 թվականի ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան։