ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրում» ծրագրում՝ այն հասանելի դարձնելով հանրապետության ողջ տարածքում։
Ի՞նչ է փոխվում
Ծրագիրը, որը մինչ այժմ իրականացվում էր միայն Սյունիքի և Կոտայքի մարզերում, նախատեսվում է ընդլայնել և 2026 թվականի հուլիսի 1-ից կիրառել ամբողջ Հայաստանում՝ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը զուգահեռ։
Այդ նպատակով առաջարկվում է ծրագրի գործողության ժամկետը երկարաձգել. նախկինում սահմանված 2026 թվականի հունիսի 1-ի փոխարեն այն կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Նախագծով հստակեցվել են նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության ստացման ժամկետները։
Ո՞ւմ համար է ծրագիրը
Ծրագիրը նախատեսված է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամների համար։
Մասնակիցները կարող են ներգրավվել վարձատրվող հասարակական աշխատանքներում, ստանալ եկամուտ և միաժամանակ մեծացնել հետագայում աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ծրագիրն իրականացնել հանրապետության ողջ տարածքում և երաշխավորել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմաններ՝ այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման միջոցով։
Ծրագրի առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծրագրի շահառուների կողմից մասնակցության ընդգրկվածության և մասնակցության ընդլայնում, ինչպես նաև ծրագրի նկատմամբ հետաքրքրվածության բարձրացում։
Իրականացված մոնիթորինգի արդյունքներով ծրագիրը մարզերում բավականին գրավիչ է և գնահատվում է արդյունավետ ու պահանջված։
Բյուջետային ազդեցություն
Նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում չի առաջացնի:
Ինչո՞ւ է սա կարևոր
Փոփոխությունը կապված է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման հետ, որը 2026 թվականի հուլիսի 1-ից գործելու է ամբողջ երկրում։ Կառավարությունը նպատակ ունի սոցիալական աջակցությունը ոչ միայն տրամադրել նպաստի տեսքով, այլ նաև խրախուսել աշխատանքը՝ ստեղծելով եկամուտ ստանալու և աշխատաշուկայում կայուն զբաղվածություն ձեռք բերելու հնարավորություններ։