ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 02-ի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին նախագիծը, որը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի թիվ 432-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում գտնվող՝ 427,004,515 դրամ սկզբնական արժեքով 1201.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը ամրացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղակայման նպատակով:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թ․ մարտի 13-ի N283-Ն որոշմամբ Արդարադատության նախարարությանը հատկացվել են 8,200.0 հազ. դրամ վերոնշյալ շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ 2025 թվականի մարտի 19-ին կնքված թիվ ՀՀԱՆ-ԳՀԽԾՁԲ-25/07.1 պայմանագրի շրջանակներում 5,700.0 հազ. դրամով նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել են «Միկպրո» ՍՊԸ-ի կողմից:
Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Բյուզանդի 1/3 վարչական շենքի կապիտալ վերանորոգման նպատակով 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է 150,000.0 հազ. դրամ:
Հարկ է նշել, որ մինչև կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացումը պետք է ապահովվի նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայության ձեռքբերումը: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության գնումների գործընթացի կազմակերպման 2017 թ․-ի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետի՝ շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են շինարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի (մարմինների) կողմից, իսկ շինարարական ծրագրերի (շինարարական աշխատանքների) գնումները՝ պետական կառավարման այն մարմինների կողմից, որոնց կամ որոնց ենթակա կազմակեպությունների օգտագործման տակ գտնվում է տվյալ գույքը։
Այս նպատակով, Արդարադատության նախարարությունը 2026 թվականի մայիսի 15-ի թիվ /08.14/25550-2026 գրությամբ դիմել է Քաղաքաշինության կոմիտեին, որին ի պատասխան վերջինս առաջարկել է, որ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշման համաձայն` ՀՀ արդարադատության նախարարությանն ամրակցված Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող 1201․7 քմ ընդհանուր օգտագործման մակերեսով վարչական շենքի վերանորոգման ծախսերի կատարման համար բյուջետային հատկացումների թե գլխավոր և թե ստորադաս կարգադրիչ է սահմանվել Նախարարությունը և այդ հիմքով նախագծային փաստաթղթերի մշակումն արդեն իսկ կատարվել է Նախարարության պատվերով, ապա ընդհանուր շարունակականությունն ապահովելու և արդյունավետ համակարգումն իրականացնելու նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար է նույն հիմքով շարունակել կապակցված համարվող մնացած գնման գործընթացների կազմակերպումը, այդ թվում` նախագծի փորձաքննության և հեղինակային ու տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերումը:
Փորձաքննության ծառայության ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հայտարարվել է ՀՀ ԱՆ-ԳՀԾՁԲ-26/25 ծածկագրով գնման ընթացակարգ:
2026 թվականի պետական բյուջեի 1057 ծրագրի «31002. Արդարադատության նախարարության շենքային պայմանների բարելավում միջոցառմամբ գումար նախատեսված է միայն «5113. Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով:
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է վերոնշյալ հոդվածով նախատեսված գումարից 513.0 հազ. դրամն ուղղել «5134. Նախագծահետազոտական ծախսեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածին: Ընդ որում, նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայության արժեքը հաշվարկվել է ՀՀ կառավարության 17.10.2024թ. թիվ 1656-Ն որոշման 36-րդ կետի համաձայն՝ ՀՀԱՆ-ԳՀԽԾՁԲ-25/07.1 պայմանագրով ձեռքբերված նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքի 9 տոկոսի չափով:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Բյուզանդի 1/3 վարչական շենքի կապիտալ վերանորոգման նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայության ձեռքբերումը:
Բյուջետային ազդեցություն
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6․2 և 5․5 կետերին, մասնավորապես, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում քաղաքացիները Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կստանան միասնական, հարմարավետ ու առավել մատչելի ծառայություններ, կապահովվեն ծառայությունների մատուցման թափանցիկությունը, սպասարկման արագությունը, սպասարկման որակի բարձրացումը, կբացառվեն առկա կոռուպցիոն ռիսկերը: