Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։ Սահմանադրություն անկախ պետականության խորհրդանիշներից է։ Այն հանդիսանում է տվյալ պետությունում ընդունված բոլոր օրենքների և իրավական այլ փաստաթղթերի հիմքը։

1991 թ. Հայաստանի անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ Այն ոչ աշխատանքային օր է։

Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության։ Այնտեղ ներկայացված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանված՝ հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։

Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է սահմանադրական փոփոխությունների, որոնցից առաջինը կատարվել է սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին, իսկ երկրորդը՝ վերջինը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին։ Երկու փոփոխություններն էլ իրականացվել են հանրաքվեների միջոցով։

Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։

Փոփոխությամբ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի:

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահմանադրության, այլև պետական խորհրդանիշների օր:

 

Leave a Comment