ՍԴ որոշումը դիմադրության նոր փուլի սկիզբն է․ 5 ուժերի հայտարարությունը

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները Սահմանադրական դատարանի՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումից հետո համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտնելով համատեղ գործողությունների և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին։

Քաղաքական ուժերը նշել են, որ Սահմանադրական դատարանի որոշումը, իրենց գնահատմամբ, չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը, չի վերացնում ընտրական կեղծիքներն ու զանգվածային ընտրախախտումները և խորացնում է երկրում առկա քաղաքական ու իրավական ճգնաժամը։

Հայտարարության հեղինակները նշել են, որ Սահմանադրական դատարանի որոշումը «ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»։

Նրանք նաև հայտնել են, որ վերոնշյալ հարցերի շուրջ ընդդիմադիր ուժերի քննարկումները շարունակվում են, իսկ հետագա քայլերի և հնարավոր համատեղ ծրագրերի մասին կհայտնեն առաջիկայում։

Այսօր ավելի վաղ ՍԴ-ն մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները։

Leave a Comment