Բաքվում անցկացվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և գործով անցնող մյուս անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։ Վերաքննիչ վարույթը վերաբերում է Ադրբեջանի ռազմական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ին կայացրած դատավճռի բողոքարկմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստը տեղի է ունեցել Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։ «Ամբաստանյալներն ապահովվել են պաշտպաններով, ինչպես նաև հայերեն և ռուսերեն լեզուների թարգմանիչներով։ Նիստին մասնակցել են նաև պետական մեղադրողներն ու տուժողների ներկայացուցիչները»,- նշվում է հրապարակման մեջ։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դատարանը շարունակել է լսել պաշտպանական կողմի ելույթները՝ վերաքննիչ բողոքների ներկայացման հերթականությամբ։ Ավելի վաղ կայացած նիստերից մեկում Լևոն Մնացականյանի պաշտպանն խոսել էր արդարացման անհրաժեշտության մասին, իսկ ինքը՝ Մնացականյանը, հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Դավիթ Իշխանյանը, իր հերթին, նախորդ նիստերից մեկի ընթացքում դատարանին խնդրել էր հնարավորություն տալ առանձնազրույց ունենալ իր պաշտպանի հետ, ինչն ընդունվել է դատարանի կողմից։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ վարույթը վերաբերում է Ադրբեջանի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռին, որով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը և Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս ամբաստանյալների նկատմամբ նշանակվել են 15-ից 19 տարվա ազատազրկում։

Փետրվարի 5-ի դատավճռից հետո միջազգային լրատվամիջոցները անդրադարձել էին գործին։ Միևնույն ժամանակ, Reuters-ը նշել էր, որ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կասկածի տակ են դրել դատավարության արդարությունը և մտահոգություններ են հայտնել դրա ընթացքի վերաբերյալ։

Դատարանը դեռևս չի հրապարակել վերաքննիչ բողոքների վերաբերյալ վերջնական որոշում։ Գործի քննությունը շարունակվում է։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment