Ռուսաստանը փոխել է առանց վիզայի մուտքի կանոնները․ ինչ է փոխվել

2026 թվականի հունիսի 30-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել առանց վիզայի երկիր մուտք գործող օտարերկրացիների համար նոր կանոններ։ Այսուհետ օտարերկրյա քաղաքացիները մինչև ուղևորությունը պետք է գրանցվեն RuID բջջային հավելվածում և էլեկտրոնային եղանակով տեղեկացնեն իրենց մուտքի մասին։

Gosuslugi RuID-ը Ռուսաստանի պետական թվային ծառայությունների համակարգի համար ստեղծված պաշտոնական բջջային հավելված է, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների համար։ Դրա հիմնական նպատակներն են՝  օտարերկրացու թվային պրոֆիլի ձևավորում,  նախապես մուտքի մասին ծանուցման ներկայացում,  անձի նույնականացում,  QR կոդի տրամադրում,  հետագայում Ռուսաստանի պետական թվային ծառայություններից օգտվելու հնարավորություն (անհրաժեշտության դեպքում) RuID հավելվածը մշակվել է Ռուսաստանի կառավարության թվայնացման ծրագրի շրջանակում՝ որպես օտարերկրացիների մուտքի նոր համակարգի բաղադրիչ։

Հավելվածը գործարկվել է 2025 թվականի հունիսի 30-ից՝ որպես փորձնական ծրագիր և գործել կամավորության սկզբունքով, մեկ տարի անց, փաստորեն, այն դառնում է պարտադիր: RuID-ը պարտադիր է նաև միջազգային բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող օտարերկրացի վարորդների համար: Նրանք ևս պարտավոր են հավելվածով ներկայացնել էլեկտրոնային հայտ, նշել մուտքի նպատակը,  լրացնել բեռի տվյալները կամ  ուղևորների ցանկը, կցել իրենց անձը և գործունեությունը հաստատող փաստաթղթեր։

Նոր կարգի համաձայն՝ Ռուսաստան մեկնելու մասին հայտը պետք է ներկայացվի նախատեսվող մուտքից առնվազն 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ օրինակ շտապ բուժման անհրաժեշտության կամ մերձավոր ազգականի մահվան դեպքում, ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։

Հայտ ներկայացնելիս անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները, նշել ուղևորության նպատակը, բեռնել անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը, կատարել դեմքի լուսանկար և ձայնի ձայնագրություն, որոնք կօգտագործվեն կենսաչափական նույնականացման համար։

Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ RuID հավելվածը նախատեսված է օտարերկրացիների միասնական թվային միգրացիոն պրոֆիլ ձևավորելու, սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու և պետական ծառայություններից օգտվելը պարզեցնելու համար։ Հավելվածի միջոցով հնարավոր կլինի նաև ստանալ մի շարք պետական և միգրացիոն ծառայություններ։

Միաժամանակ իշխանությունները շեշտում են, որ RuID-ում հայտ ներկայացնելը չի հանդիսանում Ռուսաստան մուտքի թույլտվություն։ Երկիր մուտք գործելու վերջնական որոշումը շարունակում են ընդունել սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինները։

Նոր պահանջները վերաբերում են միայն առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիներին։ Դրանք չեն կիրառվում վիզայով ժամանողների, մինչև 6 տարեկան երեխաների, Բելառուսի քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց և օրենքով սահմանված մի շարք այլ կատեգորիաների նկատմամբ։

Նոր կարգավորումները Ռուսաստանի կողմից իրականացվող միգրացիոն վերահսկողության թվայնացման ծրագրի մի մասն են, որի նպատակն է բացառել անձանց անանուն մուտքը, բարելավել նույնականացման գործընթացը և բարձրացնել անվտանգության մակարդակը։

Leave a Comment