Սեպտեմբերի 1-ից .RU, .РФ և .SU դոմենների կառավարման նոր կանոններ կսահմանվեն․ Ռուսաստանը վերացնում է անանուն գրանցումները

2026 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում ազգային .RU, .РФ և .SU դոմենային գոտիների գրանցման, կառավարման և վարչարարության նոր կանոնները, որոնք ոլորտի մասնագետները գնահատում են որպես վերջին տարիների ամենախոշոր բարեփոխումներից մեկը։

Փոփոխությունների առանցքում դոմենների սեփականատերերի պարտադիր պետական նույնականացումն է։ Այսուհետ ազգային դոմենների գրանցումը, երկարաձգումը և վարչարարական մի շարք գործողություններ հնարավոր կլինեն միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք հաստատել են իրենց ինքնությունը Ռուսաստանի պետական նույնականացման միասնական համակարգի՝ ЕСИА (Единая система идентификации и аутентификации) միջոցով, որը գործում է «Գոսուսլուգի» (Госуслуги) հարթակի հիման վրա։

Փոփոխությունները նախատեսված են 2025 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված №569-ФЗ դաշնային օրենքով, որով փոփոխություններ են կատարվել «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» դաշնային օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում։ Օրենքի կիրառման կարգը մշակվել է Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության (Минцифры) կողմից, իսկ պաշտոնական պարզաբանումներ են հրապարակել նաև .RU/.РФ դոմենների Կոորդինացիոն կենտրոնը և հավատարմագրված ռեգիստրատորները։

Ինչ է փոխվում

Մինչ այժմ .RU, .РФ և .SU դոմենների գրանցման համար, որպես կանոն, բավարար էր ռեգիստրատորին ներկայացնել անձնական տվյալներ։

Սեպտեմբերի 1-ից հետո այդ մոտեցումն ամբողջությամբ փոխվում է։ Դոմենի գրանցման և կառավարման առանցքային գործողությունները կկապվեն պետական նույնականացման համակարգի հետ, ինչի արդյունքում գրեթե անհնար կլինի դոմեն գրանցել կեղծ, չստուգված կամ երրորդ անձանց տվյալներով։

Կոորդինացիոն կենտրոնը «Get it done before September 1» («Հասցրե՛ք մինչև սեպտեմբերի 1-ը») խորագրով իր պաշտոնական հայտարարությունում զգուշացնում է, որ բոլոր դոմենատերերը պետք է նախապես անցնեն նույնականացում, հակառակ դեպքում կբախվեն դոմենների կառավարման սահմանափակումների։

Նոր կանոնները վերաբերում են նաև գործող դոմեններին

Կարևոր առանձնահատկությունն այն է, որ փոփոխությունները չեն վերաբերում միայն սեպտեմբերի 1-ից հետո գրանցվող դոմեններին։

Պետական նույնականացումը պարտադիր է դառնում նաև արդեն գործող .RU, .РФ և .SU դոմենների ադմինիստրատորների համար։

Առանց ЕСИА համակարգում հաստատված նույնականացման հնարավոր չի լինի.

  • երկարաձգել դոմենի գրանցման ժամկետը,
  • փոխել դոմենի ադմինիստրատորի տվյալները,
  • փոխանցել դոմենը մեկ անձից մյուսին,
  • փոփոխել DNS և NS գրառումները,
  • իրականացնել վարչարարական այլ կարևոր գործողություններ։

Եթե դոմենի գործողության ժամկետն ավարտվի մինչև սեփականատերը նույնականացվի, ռեգիստրատորը չի կարողանա երկարաձգել դրա գրանցումը։ Գործող ընթացակարգի համաձայն՝ որոշ ժամանակ անց դոմենը կարող է ազատվել և հասանելի դառնալ այլ անձանց գրանցման համար։

Ինչ պահանջներ են սահմանվում ֆիզիկական անձանց համար

Ֆիզիկական անձինք պետք է ունենան «Գոսուսլուգի» համակարգում հաստատված (подтвержденная) հաշիվ։

Դրա համար պետական համակարգում պետք է ստուգված լինեն անձնագրային տվյալները, СНИЛС (SNILS) համարը և անձնական այլ տվյալներ։ Միաժամանակ դոմենի գրանցման ժամանակ ներկայացված տեղեկատվությունը պետք է ամբողջությամբ համընկնի պետական ռեգիստրներում առկա տվյալների հետ։

Տվյալների անհամապատասխանության դեպքում ռեգիստրատորը կարող է մերժել դոմենի վերաբերյալ վարչարարական գործողությունների իրականացումը մինչև դրանց ճշգրտումը։

Իրավաբանական անձանց համար

Նույն պահանջները վերաբերում են նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (ИП)։

Կազմակերպությունները պետք է գրանցված լինեն ЕСИА համակարգում որպես իրավաբանական անձ, իսկ դոմենի կառավարումը պետք է իրականացվի լիազորված ներկայացուցչի միջոցով։

Ի՞նչ է փոխվում օտարերկրյա դոմենատերերի համար

Թեև օրենքը չի արգելում օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին ունենալ .RU, .РФ կամ .SU դոմեններ, գործնականում նրանց համար նույնպես պարտադիր է դառնում պետական նույնականացումը։

Սա նշանակում է, որ ոչ ռեզիդենտները նույնպես պետք է անցնեն ЕСИА համակարգով նույնականացում, ինչը մի շարք դեպքերում ենթադրում է «Գոսուսլուգի» համակարգում գրանցում և անձնագրային տվյալների հաստատում։

Հենց այս պատճառով միջազգային որոշ ռեգիստրատորներ արդեն զգուշացնում են, որ ոչ ռեզիդենտների համար ռուսական ազգային դոմենների կառավարումը կարող է զգալիորեն բարդանալ և առաջարկում են Trustee Service՝ ռուսաստանյան վստահված անձի միջոցով դոմենի կառավարումը շարունակելու տարբերակը։

Ինչու են ներդրվում այս փոփոխությունները

Ռուսաստանի իշխանությունների և .RU/.РФ դոմենների Կոորդինացիոն կենտրոնի գնահատմամբ՝ վերջին տարիներին հազարավոր դոմեններ գրանցվել են կեղծ կամ այլ անձանց տվյալներով և օգտագործվել ֆիշինգային կայքերի, կեղծ պետական ծառայությունների էջերի, առցանց բանկային խարդախությունների, վնասաբեր ծրագրերի տարածման և այլ կիբերհանցավոր սխեմաների համար։

Նոր համակարգի նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր ազգային դոմենի հետևում կանգնած լինի պետականորեն նույնականացված իրական ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ինչը, ըստ նախաձեռնողների, կբարձրացնի ազգային դոմենային գոտիների անվտանգությունն ու կդժվարացնի անանուն կիբերհանցագործությունների իրականացումը։

Կառավարությունն իր վրա է վերցնում ոլորտի կանոնների հաստատումը

№569-ФЗ օրենքի մեկ այլ կարևոր նորամուծությունն այն է, որ .RU, .РФ և .SU դոմենների գրանցման և վարչարարության հիմնական կանոններն այսուհետ հաստատվելու են Ռուսաստանի կառավարության կողմից։

Եթե նախկինում ոլորտի մի շարք ընթացակարգեր սահմանվում էին հիմնականում .RU/.РФ դոմենների Կոորդինացիոն կենտրոնի ներքին ակտերով, ապա այժմ դրանք ստանում են պետական իրավական կարգավիճակ, ինչը, ըստ պաշտոնական հիմնավորման, պետք է ապահովի միասնական կարգավորում և պետական վերահսկողություն։

Ո՞ւմ են վերաբերում փոփոխությունները

Նոր կանոնները վերաբերում են բացառապես .RU, .РФ և .SU դոմենների ադմինիստրատորներին՝ անկախ նրանից՝ նրանք ֆիզիկական անձ են, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, թե օտարերկրյա սեփականատեր։

Միևնույն ժամանակ դրանք չեն վերաբերում այն քաղաքացիներին, որոնք պարզապես օգտվում են, օրինակ, mail.ru էլեկտրոնային փոստի ծառայությունից կամ ռուսական այլ առցանց հարթակներից։ Նույնականացումը պարտադիր է միայն դոմենի գրանցման և կառավարման իրավահարաբերությունների շրջանակում։

Ի՞նչ է սա նշանակում

Փաստացի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ավարտվում է ազգային դոմենների անանուն կառավարման հնարավորությունը։ Այսուհետ .RU, .РФ և .SU դոմենների գրանցումը, երկարաձգումն ու վարչարարությունը կապվում են պետական նույնականացման համակարգի հետ։

Ռուսական իշխանությունների գնահատմամբ՝ նոր կարգավորումները պետք է նվազեցնեն կեղծ գրանցումների թիվը, սահմանափակեն ֆիշինգային և այլ կիբերհանցավոր ռեսուրսների գործունեությունը և բարձրացնեն ազգային դոմենային գոտիների նկատմամբ վստահությունը։ Միաժամանակ ոլորտի մասնագետները չեն բացառում, որ նոր պահանջները կարող են լրացուցիչ վարչարարական բեռ ստեղծել հատկապես օտարերկրյա դոմենատերերի և միջազգային ռեգիստրատորների համար։

Leave a Comment