
Սահմանադրական դատարանը այսօր հրապարակելու է որոշումը՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքների առնչությամբ հիմնական ընդդիմադիր ուժերի և ընտրության այլ մասնակիցների կողմից ներկայացրած բողոք-վիճարկումների վերաբերյալ: Պատահակա՞ն է ստացվել, թե՝ ոչ, բայց ՍԴ որոշման հրապարակումը տեղի է ունենալու «Սահմանադրության օրվա»՝ հուիսի 5-ի նախաշեմին:
Շատ ավելի խորհրդանշական կլիներ, որ ՍԴ որոշումը «ընտրության գործով» հենց հուլիսի 5-ին էլ հրապարակվեր: Որոշում, որի բովանդակությունը դեռևս ոչ մեկին հայտնի չէ, սակայն շատ քչերն են կասկածում, որ փաշինյանական իշխանավարման շրջանում նշանակված ՍԴ դատավորները ՔՊ ղեկավարի ցանկությանը հակառակ բան կորոշեն: Ինչ-որ չի նկատվել, որ ՍԴ ներկայիս կազմում կան անձինք, որոնք պատրաստ են հանուն գաղափարի, ավելին՝ հանուն արդարության և արդարադատության… հայտնվել «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Շատ կուզենայինք այս ընկալման հարցում սխալված լինել:
Լավ, իսկ ի՞նչ է մնացել ՀՀ Սահմանադրությունից, որի օրը վաղը նշելու ենք: Քավ լիցի, այս անգամ կարիք չի լինի այդ օրը «ոչ աշխատանքային» հռչակել, քանզի առանց այդ էլ այն համընկել է «տերունական օրվանը»՝ կիրակի է:
Չէ, հարցը հռետորական չի, այլ միանգամայն կոնկրետ է. ի՞նչ են թողել Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի Սահմանադրությունից՝ իրենց իշխանավարման այս 8 տարի և երկու ամիսների ընթացքում:
Ակնհայտ է, որ մենք այլևս ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունը չի գործում: Թողնենք հարցը. լա՞վն է 1995-ին գրված (օղորմի Վլադիմիր Նազարյանին), ապա 2005-ին և 2015-ին խմբագրված Սահմանադրությունը, թե՞ կարող էր ավելի լավը լինել: Փաստը այն է, որ 1995-ի հուլիսի 5-ից հետո Հայաստանն ունի Սահմանադրություն, «մայր օրենք», ինչպես պատկերավոր նշում են հաճախ: Հանրահայտ է և այն, որ ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հատկապես իշխանության գալուց հետո, անընդհատ «բզբզում» է Սահմանադրությունը փոխելու հարցը: Մի անգամ դա 2020-ին էր, նախքան կոնորավարակն ու պատերազմը: Հիմա, երբ անցած 6 տարիներին անվիճելի աղետներ ու ավերներ է արձանագրել ու բերել իր պաշտոնավարմամբ, նա ցանկանում է լրիվ նոր Սահմանադրություն, պատկերավոր ասած՝ իր քմահաճույքներով ու կառավարման «առանձնահատկություններով» կարված նոր «կոստյում»: Հա, ու որ այնտեղ հղում չլինի Հայաստանի Անկախության հռչակագրին: Սա նաև իր գործընկեր Ալիևի անթաքույց պահանջն է, որը, կարելի է ասել՝ Փաշինյանն ընդունել է:
Վերադառնանք սակայն Սահմանադրության չգործելուն:
Առաջին իսկ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», առնվազն վերջին 8 տարիներին ու հատկապես՝ հիմա միանգամայն վիճելի է: «Ինքնիշխանությունը» ո՞րն է. ա՞յն, որ Էրդողանը կամ Ալիևը հրահանգում են այս կամ այն բանը և ՀՀ կառավարություն համարվողը դա արագորեն անում է, կապ չունի՝ Պաղեստինի անկախության ճանաչման մասի՞ն է խոսքը, թե՞ Հայաստանի տարածքից թշնամուն զիջումներ անելու: Թե՞ այն է ինքնիշխանությունը, երբ Եվրամիությունը կամ Եվրահանձնաժողովի նախագահը հրահանգում են ինչ անել, ինչպես Ռուսաստանի հետ թշնամանալ, առհասարակ՝ որոշում են Հայաստանի արտաքին-քաղաքականության առանցքը:
«Իրական Հայաստանի» «ժողովրդավարությանն» առանձին կանդրադառնանք, թեպետ բազմիցս ենք հիմնավորել, ու նման հիմնավորումներ ներկայացնում են այլ մեկնաբաններ ևս, որ Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմ, իսկ գործող իշխանությունը ավելի ու ավելի է նմանվում բռնատիրական ռեժիմի:
Հազիվ 3 միլիոն բնակչությամբ երկրում՝ 23 տոկոս աղքատություն ունենալու պայմաններում մարդու լեզուն չի պտտվում նման պետությունն անվանել՝ «սոցիալական»:
Իսկ «իրավականը» հիմա հնչում է, բայց միայն… որպես ծաղր, սարկազմ: Ի՞նչ «իրավական», երբ կարելի է հղի կնոջը վրաերթի ենթարկել, մահվան մատնել ու անպատիժ մնալ: Դեռ չենք խոսում այլ անիրավությունների, իրավական կամայականությունների ու իշխանության նախաձեռնությամբ իրականացվող քաղաքական հետապնդումների ու հալածանքների մասին:
Սահմանադրության երկրորդ հոդվածի առաջին մասը, հատկապես այսօր հնչում է է՛լ ավելի ծաղրական. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Լո՞ւրջ: Ժողովրդի 51 տոկոսը մերժել է օրվա իշխանությանը, 49 տոկոսը չի մերժել: Նիկոլ Փաշինյանը այն 49 տոկոսին համարում է «ժողովուրդ», իսկ իրեն մերժած 51 տոկոսին պիտակում է որպես ոճրագործներ (դե վիրավորում ու զրպարտում է, թե՝ ընտրակաշառքով են քվեարկել, իսկ ընտրակաշառք վերցնելը, նաև՝ տալը, իհարկե, ծանր հանցագործություն է):
Գաղտնիք չէ, որ Սահմանադրության մեջ ամրագրված են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այդ սահմանումները մեծապես խարսխված են «Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի» և այդ առումով ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ընդունված այլ հիմնարար փաստաթղթերի վրա:
Օրինակ, 3-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
…Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Իրավաբանները սա ավելի գեղեցիկ ու լավ կմեկնաբանեն, մանավանդ՝ «անմիջականորեն գործող իրավունք» հզոր կապակցությունը: Բայց մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ մեկ-երկու նկատառում: Շատ կոնկրետ. Արման Հովհաննիսյան, 38 տարեկան, նախընտրական պաստառ պոկելու (հիմնովին ապացուցված չէ) համար ձերբակալվել է (առավելագույնը՝ կարող էր տուգանվել), ապա տարվել է «Նուբարաշեն» հոգեբուժարան, ապա այնտեղ հայտնաբերվել է կախված վիճակում, պաշտոնապես հայտարարվել է, թե նա, իբր, ինքնասպան է եղել:
Դե, մի հատ էլ մեջբերում անենք.
«Հոդված 24. Կյանքի իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»:
Մարդը գերագույն արժե՞ք է: Հարցրեք Արմեն Գրիգորյանի ընկերներին: Այն Արմեն Գրիգորյանի, որին ռեժիմը մահվան հասցրեց հե՛նց դատարանի դահլիճում: Հարցրեք Սոնա Մնացականյանի ու նրա չծված բալիկի մահվան սահմռկեցուցիչ դեպքից ցնցված մարդկանց…
Իմացա՞ք, «մարդը գերագույն արժեք է»: Այո՞, Նիկոլ Փաշինյան ու ՔՊ:
Նրանց իշխանավարման շրջանում «մարդն այնքա՜ն գերագույն արժեք էր», որ հազարներով կորոնավարակի շրջանում մահացան, իսկ որ շատ ավելի վատ է ու աններելի՝ մի քանի հազար զինվորների ու սպաների էլ «44-օրյա պատերազմում» մահվան մատնեցին: Մարդն այնքան գերագույն արժեք էր, որ 150 հազար հայ մարդկանց՝ Արցախի հայությանը տնազրկեցին, երկրազրկեցին, հայրենազրկման հասցրեցին: Դեռ մի բան էլ՝ իշխանական քարոզչության ատելության ու մառ թշնամանքի թիրախ դարձրեցին:
Շարունակե՞նք: Դրանից էլ դյուրին բա՞ն: Խոսքի ազատության սահմանադրական իրավունք: Գործնականում ունենք մի քանի շատ կոնկրետ, դատարանի որոշումներով ամրագրված փաստեր, որ ազատ խոսք ասելու համար մարդը զրկվել է խոսելու իրավունքից: Ամենից թարմ ու ցայտուն օրինակը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի «ձայնազրկումն» է: Հետևություն՝ Սահմանադրությունը չի գործում:
Սեփականության իրավունք: Օ-օ-օ՜, մի երկրում, որտեղ կառավարության ղեկավարը բղավելով սպառնում է, թե՝ կունեզրկի, կխլի սեփականությունը, «բոմժ կդարձնի», խոսել «սեփականության իրավունքի մասին», կնշանակի՝ արհամարհել սեփական բանականությունը:
Չի գործում խղճի ազատության իրավունքը, դեռ չենք խոսում Հայ Առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակի մասին (հոդված 18): Կառավարության ղեկավարն ու նրա լրտեսական ծառայությունները որոշում են, թե եկեղեցական պատարագի ժամանակ որ բառերն ու արտահայտությունները հնչեն, որոնք՝ ոչ:
Հա, Երամիության բռնատիրական ու ավտորիտար հովանավորումների շրջածիրում (դե, ֆաշիզմը Եվրամիության համար սովորական բան է, միայն 20-րդ դարում՝ 20-ականներից մինչև 70-ականներ Եվրոպայում քանի՜ ֆաշիստական ռեժիմ է եղել՝ Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունգարիայում…):
Հա, ու որոշները եղել են մինչև 1970-ականները, այնքան էլ վաղուց չէր:
Սա, դեռ չենք խոսում զուտ բռնատիրական ռեժմիների մասին, լիներ դա Ալբանիան, Հունաստանը («սև գնդապետների» ռեժիմը), Հարավսլավիան, թե՞ «սոցճամբարի երկրները», որոնցից ամենից ցայտունը Ռումինիայի դեպքն է:
Տեսեք, ՀՀ Սահմանադրության մեջ նշված է.
«Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը»:
Եկել եմ՝ ձեր «Սահմանադրության օրը» փչացնեմ, տիկնայք ու պարոնայք, այն տեղեկությամբ, որ այդ հոդվածը տրորտակված է, իսկ «ժողովրդավարության էական հիմքերից մեկը» նիկոլական Հայաստանում քարուքանդված է: Ծիծաղելի է խոսել «տեղական ինքնակառավարման» մասին մի երկրում, որտեղ անձամբ Փաշինյանն է որոշում, թե իր ո՛ր կիսագրագատ քպ-ականը լինի համայնքապետ, իսկ եթե ժողովուրդն այլ մարդու է ընտրում, ապա այդ «այլ մարդը» կա՛մ ցուցադրաբար գնդակահարվում է, կա՛մ բանտարկվում, կա՛մ այլևայլ խարդավանքներով՝ հեռացվում:
Ուզո՞ւմ եք՝ նշեք «Սահմանադրության օր»: Չնայած, հանգուցյալի հետ կապված, սովորաբար, հոգեհանգստի ծիսակարգ է մատուցվում: