Օրենքի նախագծով պատասխանատվություն է սահմանվում քաղաքացիների կողմից քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաեւ հետազոտման նպատակով նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար, ինչպես նաեւ ամրագրվում են մինչդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում քաղաքացուն քրեական պատասխանատվությունից ազատելու պայմանները: Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
Այս դեպքերի հետ կապված նախագծով առաջարկվում է սահմանել պատիժ՝ ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակը նշել է, որ գործող կարգավորմամբ որեւէ պատասխանատվություն սահմանված չէ, երբ քաղաքացին հրաժարվում է նշանակված բուժզննությունից հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում:
Նախատեսվում է, որ առաջարկվող օրենսդրական լուծումը կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում այդպիսի կեղծ հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց գործողություններին:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը հարակից զեկույցում առաջարկել է վերաձեւակերպել առաջարկվող օրենսդրական կարգավորումը՝ այն դարձնելով առավել ընդհանրական: Հեղինակը չի ընդունել Կառավարության առաջարկը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո անցկացնել աշխատանքային քննարկում:
Խորհրդարանը նախագիծը քննարկել է հուլիսի 2-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում: