Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ անկախության օրվա առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծն անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևոր գրավական, հայտնում են ՀՀ կառավարությունից։
ՀՀ վարչապետի խոսքով՝ այս տարվա տոնակատարությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նշվում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակը։ Փաշինյանը սա անվանել է պատմական հանգրվան, որն արտացոլում է հիմնադիր հայրերի կողմից ԱՄՆ-ի հիմքում դրված ազատության և անկախության արժեքների կենսունակությունը։
«Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլև երկարամյա բարեկամությամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում»,- ասվում է ուղերձում։
Փաշինյանի խոսքով՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը», որի իրականացման ուղղությամբ երկու երկրների աշխատանքը թևակոխում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այս խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան։
«Խաղաղության մասին խոսելիս, չեմ կարող չանդրադառնալ Ձեր կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդին և դրան որպես հիմնադիր անդամ Հայաստանի անդամակցությանը, ինչը հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ և ԱՄՆ ընդհանուր տեսլականի ևս մեկ ապացույց է: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ձևավորված համապարփակ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր ոլորտներ»,- ասել է նա։
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ ժողովուրդների:
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ ընդգծելով ազատության և անկախության արժեքների նշանակությունը, անդրադարձել հայ-ամերիկյան համագործակցությանը, ինչպես նաև ջերմությամբ հիշել ընթացիկ տարվա փետրվարին Հայաստան կատարած Վենսի այցը՝ այն գնահատելով որպես երկու երկրների միջև գործընկերության խորացման և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդման կարևոր քայլ։
«Հուլիսի 4-ը ևս մեկ առիթ է արժևորելու ազատության և անկախության հիմնարար գաղափարները: Այս արժեքները ոչ միայն կազմում են ամերիկյան ինքնության հիմքը, այլև հանդիսանում են այն գաղափարական հենարանը, որի վրա խարսխված Միացյալ Նահանգները շարունակաբար իր կարևոր ներդրումն է ունեցել միջազգային խաղաղության և անվտանգության, ինչպես նաև գործընկեր երկրների հետ կուռ կապերի կառուցման գործում»,- ասվում է ուղերձում։
Փաշինյանի խոսքով՝ Վենսի այցը կարևոր նշանակություն է ունեցել երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար։
«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում գործընկերությանը զարկ տալուց զատ՝ Ձեր այցը դարձավ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության առհավատչյան՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում մեր կապերի ընդլայնման համար»,- ընդգծել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
