««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին»



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած Ուկրաինայի վերակառուցման համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտավորյալ մարտահրավեր է Մոսկվային Բրյուսելի հավանությունը ստանալու համար, rtvi.com-ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ Նրա խոսքով Հայաստանի ղեկավարությունը մշտապես ընտրում է Բրյուսելի հավանությունը անգամ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման գնով։ «Ինչպես երևում է, նրանք ցանկանում են ավելի փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և բարելավել Եվրամիության հետ հարաբերությունները», –  ասել է Սիլաևը։

Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերակառուցման համաժողովին, որը կայացել է Գդանսկում, և որին մասնակցել են մոտ 100 երկրների պատվիրակություններ։ 

Քաղաքագետ և «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևն էլ rtvi.com-ի հետ զրույցում շեշտը դրել է այլ կերպ, նա կարծում է, որ Հայաստանի որոշումը հիմնականում պայմանավորված է արտաքին ճնշումներով։ Նրա կարծիքով Երևանը գործում է Բրյուսելի «անհետաձգելի պահանջներով, կամ, այսպես ասած, խնդրանքներով»։

«Եվրամիությունը փորձում է ապահովել առավելագույն միասնություն և համախմբվածություն իր ուկրաինամետ քաղաքականության մեջ և պատրաստակամություն անգամ ներգրավելու Ռուսաստանի դաշնակիցներին և գործընկերներին, այսպես կոչված, Ուկրաինայի վերականգնման ծրագրերում», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Արեշևը կասկածանքով է վերաբերվում Հայաստանի իրական ներդրմանը այն գործընթացում, որը Բրյուսելը անվանում է Ուկրաինայի վերականգնում, այսինքն, մեղմ ասած, դա շատ աննշան կլինի։ Նա պնդել է, որ հիմնական նկատառումները քաղաքական, աշխարհաքաղաքական և տեղեկատվական/քարոզչական են։ Արեշևը չի բացառել, որ Երևանի արտոնյալ վերաբերմունքի հեռանկարն է Գդանսկ ուղևորության օգտին փաստարկներից մեկը։

Իր հերթին, Սիլաևը կոչ է արել տարբերակել Հայաստանի կառավարության և սովորական քաղաքացիների շահերը։ «ՀՀ ղեկավարությունը հույս ունի օգտվել այդ ուղևորությունից, քանի որ ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը մեծանում է, և այդ գումարի որոշ մասը կարող է հայտնվել Հայաստանի ղեկավարության մոտ, բայց ոչ  պետության մոտ», – նշել է նա։

Երբ հարցրել են, թե ինչո՞ւ Մոսկվայի բացասական արձագանքի ռիսկը հետ չի կանգնեցրել Երևանին, Արեշևը ենթադրել է, որ դա պայմանավորված է «ներկայիս փուլում ռուս-հայկական հարաբերությունների ընդհանուր մթնոլորտով»։

Սիլաևն այլ կերպ է արտահայտվել: «Նրանց համար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կամ Մակրոնի կողմից ուսին թփթփացնելը շատ ավելի կարևոր է, քան Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունները։ Նրանց առաջնահերթությունը դա է»,– ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am


Leave a Comment